Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հուլիսի 20-24-ն անցկացվող ըմբշամարտի միջազգային մրցաշարում հաջող մասնակցություն է ունեցել Հայաստանի ազատ ոճի հավաքականը:

Հավաքականի կազմում ընդգրկված 4 ըմբիշներն էլ դարձել են մեդալակիրներ: Մրցաշարի հաղթողի տիտղոսն ու ոսկե մեդալը նվաճել է 70 կգ քաշային Արման Անդրեասյանը: Հայ ըմբիշը եզրափակչում 3:2 հաշվով առավելության է հասել ԱՄՆ ներկայացուցչի նկատմամբ:

Արծաթե մեդալակիր է դարձել 79 կգ քաշային Արման Ավագյանը: Եզրափակչում մեր ըմբիշը 2:10 հաշվով զիջել է Ուկրաինայի ներկայացուցչին։

Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչները՝ Մանվել Խնձրցյանը (57 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Ազատ ոճայիններից պայքարի պետք է դուրս գար նաև 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, որը վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշարը: 2019 և 2022 թվականների Եվրոպայի չեմպիոն, 2018 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանին էլ աշխարհի առաջնությունից առաջ մարզիչները հանգստանալու հնարավորություն են տվել:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում մրցաշարին կմասնակցեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ)։

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանին ևս հանգստանալու հնարավորություն է տրվել: