ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ««Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոն» ՍՊԸ-ն իրականացնում է «Դու՝ սոցիալական ձեռներեց» դասընթացների և խորհրդատվության ծրագիրը:

Նպատակն է խթանել սոցիալական ձեռներեցությունը երիտասարդության շրջանում:

Շուրջ 170 դիմորդներից ընդունելության և հարցազրույցի փուլը հաղթահարել են 50 մասնակիցներ:

Ծրագրի առաջին փուլը դասընթացների կազմակերպումն էր, որն իրականացվել է Երևանում (26 մասնակից) և Տավուշի մարզում (24 մասնակից): Ինտենսիվ դասընթացների արդյունքում երիտասարդները ձեռք են բերել սոցիալական ձեռներեցությանն անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ, իրականացրել մի շարք պրակտիկ վարժություններ:

Տեղի է ունեցել Երևանի մասնակիցների ավարտական ցերեկույթը, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Բի Էս Սի»-ի ներկայացուցիչները: Նրանք շնորհավորել են մասնակիցներին, ներկայացրել առկա հնարավորություններն ու նոր ծրագրերը, ինչպես նաև հանձնել ավարտական վկայականները:

Արդեն իսկ մեկնարկել է ծրագրի 2-րդ փուլը՝ խորհրդատվության իրականացումը: Այս փուլում մասնակիցները դասընթացի արդյունքում ձեռք բերած գիտելիքների և հմտությունների հիման վրա պետք է մշակեն իրենց սոցիալական բիզնես գաղափարները: Առաջիկա ամիսների ընթացքում մասնակիցները «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի մասնագետների կողմից կստանան անհատական բիզնես խորհրդատվություն իրենց գաղափարների իրագործման և զարգացման համար: