ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել «Մաթեմատիկա» առարկայի 63-րդ միջազգային օլիմպիադայում։

Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Նորվեգիան էր, երկու տեսական փուլերով և առկա ձևաչափով անցկացվել է հուլիսի 6-16-ն Օսլո քաղաքում։ Օլիմպիադային մասնակցել է 104 երկրի 589 աշակերտ, որոնցից 521-ը՝ արական, 68-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ։

Հայաստանի թիմը ներկայացրել է 6 աշակերտ՝ 5-ը Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից, իսկ մեկը՝ «Քվանտ» վարժարանից: Ֆիզմաթ հատուկ դպրոցի սաներ Վահագն Հովհաննիսյանը և Ռուբեն Համբարձումյանն արժանացել են արծաթե, իսկ նույն դպրոցի աշակերտներ Հայկ Կարապետյանը, Վահրամ Ասատրյանն ու Արեգ Մկրտչյանը, ինչպես նաև «Քվանտ» վարժարանի սան Արայի Խալաթյանը՝ բրոնզե մեդալների։ Թիմային հաշվարկում մեր թիմը զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը։

Հայաստանի թիմը ղեկավարել են Սմբատ Գոգյանը (ԳԱԱ, «Քառակուսի» կրթական հիմնադրամ) և Գուրգեն Ասատրյանը (ՀՊՄՀ)։

Հիշեցնենք, որ մաթեմատիկայի 62-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվում էր առցանց ձևաչափով, Հայաստանի թիմն արժանացել էր 2 արծաթե և 3 բրոնզե մեդալների։

Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի պաշտոնական կայքը՝ https://www.imo-official.org/։