Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքի հավաքականները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնություններում:

Հայաստանի կանանց Մ16 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի առաջին խաղում մրցել է Մոլդովայի հավաքականի հետ և 61-43 հաշվով հաղթանակ տարել:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Սեդա Գաբրիելյանը՝ վաստակած 25 միավորով: Նա նաև 9 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել է 1 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 14-ին` մրցելով Կիպրոսի հետ:

Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբի երրորդ խաղում կանանց Մ20 տարեկանների հավաքականը 30-101 հաշվով զիջել է Գերմանիայի հավաքականին և կշարունակի պայքարը 9-18-րդ տեղերի համար:

Այսօր՝ ժամը 23:00-ին, Մ20 հավաքականը կմրցի Ալբանիայի հետ:

Անցկացրած առաջին խաղում Հայաստանը 49-46 հաշվով հաղթել էր Վրաստանին, իսկ երկրորդ խաղում պարտվել էր Իսրայելի հավաքականին:

Տղամարդկանց Մ16 տարեկանների հավաքականն էլ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի երկրորդ խաղում մրցել է Մոլդովայի ընտրանու հետ և 84-72 հաշվով հաղթանակ տարել:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Գրեգորի Ղազարյանն էր՝ վաստակած 33 միավորով: Նա նաև 2 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը երրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 14-ին` մրցելով Ջիբրալթարի հետ: