Հայ-նիդեռլանդական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի միջոցառումների շրջանակում հուլիսի 14-ից սեպտեմբերի 14-ը Հայաստանի պատմության թանգարանում կկայանա հոլանդացի անվանի փորագրանկարիչ, վիմագրության վարպետ, «Գեղարվեստական տպագրության երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ի առաջին մրցանակակիր Հերման Նորդերմեերի «Ռեմինիսցենցիա» առաջին անհատական ցուցադրությունը։

Ցուցադրությունը Հայաստանի պատմության թանգարանի հետ կազմակերպել է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանատան և Նիդեռլանդների «Մոնդրիան» հիմնադրամի աջակցությամբ:

Ցուցադրության բացմանն ընդառաջ՝ այսօր Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս: Բանախոսներն էին Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր-նախագահ, Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի հիմնադիր
Սոնա Հարությունյանը:

Դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության և համագործակցության համար՝ նշելով, որ այս միջոցառումը, ի թիվս մի շարք այլ ծրագրերի, շատ ոգևորիչ է 2 երկրների դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման համատեքստում:

«Անհնար է անտեսել մշակութային կապերի կարևորությունը երկու երկրների միջև: Մշակույթն այն կարևոր կամուրջն է, որ կապում է մարդկանց բոլոր ժամանակներում: Առաջիկայում նախատեսվում են մշակութային այլ համագործակցություններ ևս»,- ասել է դեսպանը՝ հիշեցնելով, որ այս պահին Նիդեռլանդներում ընթանում է Հայաստանին նվիրված ցուցադրություն՝ Պատմության թանգարանի հավաքածուից:

Լրացնելով դեսպանի խոսքը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանն ընդգծել է. «Մշակույթն այն կարևոր կամուրջն է, որը մտերմացում է տարբեր ժողովուրդներին և հնարավորություն է տալիս ճանաչելու մեկը մյուսին, ներշնչվելու մեկը մյուսով և ստեղծել արվեստի նոր դրսևորում»:

Ս. Սահակյանը ևս շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և կարևորել միջոցառումը՝ լայն հանրությանն աշխարհաճանաչ արվեստագետներին ճանաչելի դարձնելու տեսանկյունից՝ նպաստելով ստեղծարար ոլորտի զարգացմանը:

Նա ցուցադրությունն արժևորել է նաև ԿԳՄՍ նախարարության մեկ այլ դիրքորոշման տեսանկյունից ևս. մշակութային միջոցառումներում կրթական բաղադրիչի առկայությունը մշակութային քաղաքականության առանցքային մաս է: Այս ցուցադրության շրջանակում հայ երիտասարդ ստեղծագործողները հնարավորության կունենան անմիջականորեն հաղորդակցվելու արվեստագետի հետ՝ ձեռք բերելով փորձառություն և գիտելիք:

Հայաստանի պատմության թանգարանն ունի հին բարեկամական և գործընկերային հարաբերություններ Նիդեռլանդների թանգարանների հետ, հոլանդացի արվեստագետի ցուցադրության կազմակերպումը ՀՊԹ-ում խորհրդանշական է:

Ըստ ՀՊԹ տնօրեն Դավիթ Պողոսյանի՝ թանգարանի հյուրընկալ հարկի ներքո երկու ցուցասրահները սիրով տրամադրվել են Հերման Նորդերմեերի «Ռեմինիսցենցիա» անհատական ցուցադրության համար: Նա իրազեկել է, որ բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 14-ին՝ ժամը 17:00-ին:

«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր-նախագահ Սոնա Հարությունյանը ներկայացրել է ցուցադրության կազմակերպման ընթացքը՝ գաղափարից մինչև իրագործում՝ գնահատելով կողմերի անխոչընդոտ աջակցությունը և համագործակցությունը:

Նշենք, որ «Ռեմինիսցենցիա» ցուցադրության շրջանակում առաջիկայում Հայաստան կժամանի հեղինակը՝ Հերման Նորդերմեերը: