Այսօր Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպչական աշխատանքներին:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, մարզային և քաղաքային իշխանության, ինչպես նաև կոմիտեի այլ ներկայացուցիչներ։

Հանդիպման ժամանակ քննարկվել են Գյումրիում անցկացվելիք Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանն առնչվող հարցեր։

Նազելի Բաղդասարյանը ողջունել է հյուրերին՝ նշելով, որ ուրախ է նրանց հյուրընկալելու Շիրակի մարզում․«Մեզ համար մեծ պատիվ է, որ Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման արարողությունը հաջորդ տարի տեղի կունենա Գյումրիում. դա շատ պարտավորեցնող է: Վստահեցնում եմ, որ այդ իրադարձությանը մոտենում ենք մեծ պատասխանատվությամբ, որպեսզի Շիրակը և Գյումրին հավուր պատշաճի ներկայանան՝ թե՛ սպորտային առումով, թե՛ միջոցառումների կազմակերպման բարձր մակարդակով»։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը մարզպետին է ներկայացրել կոմիտեի անցած ուղին, որը մեկնարկել է 1999 թվականից։ Առաջին խաղերին մասնակցել է 23 երկիր՝ 1141 մասնակցով։ Վերջին 6-րդ և 7-րդ խաղերի ընթացքում մասնակիցների թիվը հնգապատկվել է։

Իշխան Զաքարյանը նշել է, որ Գյումրին 8-րդ խաղերի բացման արարողության մայրաքաղաք է ընտրվել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմնի միաձայն որոշմամբ: 17 մարզաձևերի համար խաղարկվելու է 107 հավաքածու մեդալ՝ ոսկի, արծաթ և բրոնզ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի քանի սպորտաձևերի մրցումները Գյումրիում կազմակերպելու, հյուրատներում մասնակիցներին և հյուրերին ընդունելու, Արագածոտնի և Լոռու մարզերի համապատասխան սպորտդահլիճներում մրցումներն անցկացնելու, Գյումրիում արագ հավաքովի խաղային մանեժ ունենալու, Գյումրու օդանավակայանում չարթերային թռիչքներ իրականացնելու վերաբերյալ հարցեր։

Համահայկական ամառային 8-րդ խաղերը կանցկացվեն 2023 թ․ օգոստոսին։ Բացման հանդիսավոր արարողությունը կկազմակերպվի Գյումրիում, իսկ խաղերը կանցկացվեն Շիրակի և Արագածոտնի մարզերի մի շարք քաղաքներում։ Փակման արարողությանը տեղի կունենա Երևանում։