ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի և շահագործման կանխարգելումն ապահովելու նպատակով իրականացնում է մի շարք միջոցառումներ:
Այդ միջոցառումներից է Հայաստանում մարդկանց շահագործման երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության անցկացումը, որի նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ դրանով իսկ նպաստելով այդ երևույթի կանխարգելմանն ուղղված ազգաբնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ու լուսաբանմանը: Որպես մրցանակաբաշխության ամփոփում՝ խրախուսական մրցանակներ են հանձնվում լրագրողներին և հասարակական կազմակերպություններին, որոնք հանրությանը տեղեկացնում են թրաֆիքինգի բացասական ազդեցությունների մասին և մատնացույց են անում ելքերը:
Մրցանակաբաշխությունն ամենամյա է և անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝
- Հեռուստա/ռադիո արտադրանք,
- Տպագիր և էլեկտրոնային նյութեր։
Ներկայացված հայտերը գնահատելու համար ձևավորվում է գնահատող հանձնաժողով՝ բաղկացած 7 անդամներից, որից՝ մեդիա ոլորտից 3, պետական կառույցներից և հասարակական կազմակերպություններից 2-ական ներկայացուցիչներ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խրախուսում է մեդիադաշտի անհատ ներկայացուցիչներին, կազմակերպություններին և լրագրողներին, որոնք շահագրգռված են թրաֆիքինգի դեմ պայքարում ունենալու իրենց գործուն ներդրումն ու աջակցությունը, և կոչ է անում մասնակցել առաջիկայում հայտարարվող «ՀՀ-ում մարդկանց շահագործման երևույթի և դրա դեմ պայքարն արծարծող ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության անցկացման և կազմակերպման» դրամաշնորհային մրցույթին:
Միաժամանակ հայտնում ենք՝ որպես վերոհիշյալ թեմայով նյութերի հրապարակման և հանրայնացման հարթակ հեղինակները կարող են դիտարկել նաև www.antitrafficking.am կայքէջը: