Եվրոպայի խորհրդի երիտասարդական հատվածի 50-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կայացել են «Ժողովրդավարությունն այստեղ / ժողովրդավարությունն այժմ» խորագիրը կրող արշավ և Երիտասարդական գործողությունների շաբաթ:

Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի անդամ երկրներ հանդիսացող Իռլանդիայի նախագահության և Ստրասբուրգի քաղաքապետարանի համագործակցության շրջանակում:

Եվրոպայի խորհրդի երիտասարդական գործողությունների շաբաթը փոխգործակցությունն ամրապնդելու նպատակով միավորել է ակտիվիստներին, քաղաքացիական հասարակությանը, անդամ պետություններին և երիտասարդական հատվածի գործընկերներին:

Միջոցառմանը մասնակցել են ԵԽ անդամ 46 պետությունների պատվիրակներ՝ գերատեսչական և երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդ դեսպաններ:

Հայաստանի Հանրապետությունը միջոցառմանը մասնակցել է թվարկված խմբային պատվիրակների ամբողջական կազմով՝ ընդհանուր 11 մասնակից: Մասնակիցները բաշխված էին՝ ըստ նախապես ընտրված 4 թեմատիկ խմբերի, որոնցում քննարկվել են ժողովրդավարությանը խոչընդոտող առկա մարտահրավերները և դրանց ազդեցությունը երիտասարդների ու հասարակության վրա: Թեմատիկ խմբերը նախագծել և պլանավորել են մի շարք գործողություններ, որոնք խթանելու են ժողովրդավարության աշխուժացումն ու երիտասարդության բովանդակալից մասնակցությունը:

Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երիտասարդական քաղաքականության և մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խթանման գործում Եվրոպայի խորհրդի կարևորությանը վերաբերող հարցերին:

Հավելենք, որ հայաստանյան ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում հանդիպում կազմակերպել՝ արշավից բխող միասնական գործողությունների իրականացմանն առնչվող ծրագրեր մշակելու նպատակով: