ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն ազդարարել են «Հայաստան. ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագրի մեկնարկը, որը ֆինանսավորվում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության «Նորարարական ծրագրերի համերաշխության հիմնադրամի» (Fonds de solidarité pour les projets innovants) կողմից։ Ծրագիրը նշանավորում է Ֆրանսիայի հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի մշակութային ժառանգության պահպանությանը, վերականգնմանը և արժևորմանը:

Մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի շրջանակում ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ նվիրված «Հայաստանժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագրի իրականացմանը:

Մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնեն, Լուվրի թանգարանի Արևելյան հնությունների բաժնի տնօրեն Արիան Տոման, ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական ​​կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ողջունել և կարևորել է ծրագրի իրականացումը՝ նշելով, որ այն երկկողմանի համագործակցության առաջնահերթություններից է, իսկ ծրագրի ստորագրումը երկու երկրների կառավարությունների համար՝ գոհունակության առիթ:

«Ծրագիրը ներառում է երեք բաղադրիչ. առաջին ուղղությունը նվիրված է վերապատրաստմանը, որտեղ ներգրավված են Ժառանգության ազգային ինստիտուտը, երկրորդ ճյուղը նվիրված է վերականգնման ծրագրին՝ Տաթևի Մեծ անապատ վանքային համալիրի վերականգնմանը, որտեղ նույնպես ֆրանսիական կողմից մասնակցում է Ժառանգության ազգային ինստիտուտը: Երրորդ ուղղությունը վերաբերում է «Էրեբունի» թանգարանի մշտական ցուցադրության նոր հայեցակարգին, որն ավելի վաղ համագործակցության արդյունք է: Լուվրի թանգարանը և այլ գործընկերներ նույնպես ներգրավված կլինեն այս ծրագրում: Կարծում եմ, որ այս ծրագիրը թույլ է տալիս միաժամանակ պատասխանել ՀՀ կառավարության կողմից արծարծված հարցերին: Այն հնարավորություն է ընձեռում միավորելու ֆրանսիական այն հաստատությունները, որոնք պատասխանատու են ժառանգության ոլորտում: Այս ծրագրի իրականացումը համահունչ է նաև հայ հասարակության կարիքներին, մասնավորապես կարևոր է ժառանգության ոլորտում գործունեություն ծավալող մասնագետների համար»,- նշել է դեսպան Անն Լույոն:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է «Հայաստան. ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագրի մեկնարկի կապակցությամբ, որը նշանավորում է հայ-ֆրանսիական պատմական և մշակութային սերտ առնչությունները և մատնանշում երկու երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարները:

Նախարարը փաստել է, որ Հայաստանն ունի բազմադարյա հարուստ պատմամշակութային ժառանգություն, և այդ ժառանգության պահպանությունը թե՛ Հայաստանում, և թե՛ Հայաստանի սահմաններից դուրս պետական քաղաքականության առաջնահերթություններից է:

«Այս ծրագիրը ժառանգության պահպանությանն ուղղված միջազգային համագործակցության լավագույն օրինակ է, որը մեկ հարթակում միավորում է Ֆրանսիայի և Հայաստանի տարբեր մշակութային կազմակերպությունների՝ մշակութային ժառանգության պահպանության գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու համար, մատնանշելով համընդհանուր պատասխանատվություն ժառանգության հանդեպ՝ անկախ քաղաքական ու աշխարհաքաղաքական գործընթացներից ու դիրքորոշումներից։ Ծրագիրը կարևորվում է նաև այն հանգամանքով, որ ընդգրկում է մշակութային ժառանգության տարբեր ուղղությունները՝ հիմնվելով ֆրանսիացի և հայ գործընկերների հմտությունների, լավագույն փորձի վրա»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը և վստահություն հայտնել, որ ֆրանսիացի գործընկերները փոխանցելու շատ բան ունեն։

Վահրամ Դումանյանի դիտարկմամբ՝ տարեցտարի ընդլայնվում է հայ-ֆրանսիական օրակարգը, ինչի համար առանձնակի շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատանը՝ անձամբ տիկին դեսպանին՝ իր նախանձախնդրության և հետևողական աշխատանքների համար:

«Լիահույս եմ, որ ծրագիրը կլինի շարունակական, կունենա զարգացման կայուն հիմքեր ու հնարավորություններ, մեծապես կնպաստի մշակույթի ոլորտում հայ-ֆրանսիական արդյունավետ համագործակցության զարգացմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ համատեղ ծրագրեր և նոր նախաձեռնություններ իրագործելու համար»,- նշել է Վահրամ Դումանյանը և բոլորին շնորհավորել ծրագրի հաջող մեկնարկի կապակցությամբ:

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական ​​կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանն ուրախությամբ արձանագրել է, որ ծրագրի կրթական բաղադրիչը միտված է վերականգնման ոլորտի մասնագետների մասնագիտական հմտությունների, կարողությունների բարելավմանը և փորձի փոխանակմանը: Կենտրոնի տնօրենը շնորհակալություն է հայտնել նմանօրինակ պատասխանատու գործում վստահության համար և գոհունակություն արտահայտել ծրագրի գործնական փուլին անցնելու համար:

««Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համար չափազանց կարևոր փուլ է սկսվում: Էրեբունին Ուրարտուի՝ Արարատի թագավորության կարևորագույն հուշարձաններից մեկն է և մեր ազգային ու պետական ինքնության խորհրդանիշ. Էրեբունիից է սկսվում մեր մայրաքաղաք Երևանի գրավոր պատմությունը, և այն չափազանց կարևոր տեղ ունի Հայաստանի և Հայաստանի հնագույն պատմության ընկալման համար: Նաև կարևոր է, որովհետև Էրեբունու շնորհիվ հայ-ֆրանսիական համատեղ հնագիտական արշավախմբի կողմից իրականացված պեղումների արդյունքում ամրագրվեցին Երվանդունիների հետուրարտական ժամանակաշրջանի կարևորագույն կառույցներ, որոնք մեր պատմության չուսումնասիրված փուլերից մեկն է: Մեզ համար մեծ պատիվ է ծրագրի շրջանակում համագործակցել Լուվրի թանգարանի գործընկերների հետ և ունենալ Էրեբունու բոլորովին նոր ցուցադրություն»,- նշել է արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:

Տեղեկացնենք, որ մամուլի ասուլիսին նախորդել է «Հայաստանժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագրի աշխատանքային խմբի մեկնարկային նիստը, որը բացառության կարգով վարել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նշենք, որ 600.000 եվրո արժողությամբ ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2022 թ. հուլիսից մինչև 2023 թ. դեկտեմբեր: Այն նպատակ ունի աջակցելու Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության գործընթացներին, ոլորտի մասնագետների կարողությունների, ինչպես նաև թանգարանային քաղաքականության իրականացմանը և զարգացմանը:

Ծրագիրը նախագծվել և իրականացվելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտի, Լուվրի թանգարանի, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական ​​կենտրոնի և «Էրեբունի» թանգարանի հետ համագործակցությամբ։