ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) հայաստանյան աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստը, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական վարչության պետի պաշտոնակատար Արմենուհի Պողոսյանը, Մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ուսումնարանների և քոլեջների, սոցիալական գործընկեր կազմակերպությունների, ինչպես նաև Եվրոպական կրթական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները: Նիստին առցանց միացել են նաև Եվրոպական կրթական հիմնադրամի փորձագետներ Ֆլորիանա Ֆոլիսին և Քրիստիանա Բուրզցիոն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, բարձր է գնահատել Եվրոպական կրթական հիմնադրամի ցուցաբերած աջակցությունը Հայաստանի մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումներին:

«Առաջնորդվելով Կրթության զարգացման ռազմավարությամբ, որում հստակ միջոցառումներով և քայլերով ամրագրվում են ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների ուղղություններն ու թիրախները, մենք պետք է կենտրոնացնենք մեր ներուժը՝ այս ոլորտում տեսանելի արդյունքների հասնելու համար: Այս համատեքստում ՄԿՈՒ-ն այն ոլորտն է, որը, նպաստելով կրթության և մասնավոր հատվածի գործընկերության ամուր կապի ձևավորմանը, միտված է արագ ու թիրախային գիտելիքներով ու հմտություններով զինել մասնագետներին և աշխատանքին պատրաստ աշխատուժ տրամադրել»,- ասել է փոխնախարարը՝ ընդգծելով ՄԿՈՒ ոլորտի նշանակությունը Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

«ՄԿՈՒ ոլորտը հնարավորություն է տալիս գործատուներին անմիջապես ներգրավել կրթական գործընթացի բոլոր բաղադրիչներում: Նախորդ տարիներին այս ոլորտում ներդրվել են դուալ և աշխատանքի վրա հիմնված ուսուցման ծրագրեր, մշակվել են նոր մասնագիտություններ և մոդուլներ: Այսօրինակ քննարկումները կարևոր քայլեր են առաջարկվող օրենսդրական փոփոխությունների հստակեցման և ճշգրտման համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ՝ ՄԿՈՒ ոլորտում շարունակական համագործակցության համար։

Ըստ փոխնախարարի՝ ՄԿՈՒ ոլորտը ներկա մարտահրավերներում առանցքային դեր ունի՝ մարդկային կապիտալի և տնտեսության զարգացմանը նպաստելու, համայնքային համաչափ զարգացումը խրախուսելու տեսանկյունից։

Եվրոպական կրթական հիմնադրամի ներկայացուցիչների հետ առցանց հանդիպման ընթացքում քննարկվել են նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում հետագա համագործակցության, մասնավորապես աշխատանքի վրա հիմնված ուսուցման (ԱՀՈՒ), որակի ապահովման համակարգի զարգացման, ինչպես նաև գերազանցության կենտրոնների հզորացման վերաբերյալ հարցեր:

Ներկաներին ԵԿՀ ազգային փորձագետ Արայիկ Նավոյանը ներկայացրել է ԱՀՈՒ ոլորտում իրականացված աշխատանքները և իրավիճակը, «Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության զարգացման հայեցակարգի և 2019-2025 թթ. գործողությունների ցանկի» վերանայման և հաստատման ժամանակացույցը:

Ծավալվել է աշխատանքային քննարկում մի շարք հարցերի շուրջ, որոնք վերաբերել են սոցիալական գործընկերությանը, կրթական ծրագրերի մշակման մեթոդաբանությանը, ֆինանսական միջոցների ներգրավմանը, ՄԿՈՒ ոլորտում մարդկային կապիտալի զարգացմանը, ինչպես նաև ուսումնարանների և քոլեջների ռազմավարական զարգացմանը:

Նշենք, որ ԿԳՄՍ նախարարության և ԳՄՀԸ-ի համագործակցության շրջանակում Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում 2017 թ. փորձարկվում է գերմանական դուալ համակարգը, որի առանցքն աշխատանքի վրա հիմնված գործընթացի հայեցակարգն է: Ներկայում 13 հաստատություններում իրականացվում են դուալ կրթության 13 երկարաժամկետ և 3 կարճաժամկետ դասընթացներ։ Ավելի քան 700 ուսանող է ընդգրկված այդ ծրագրերում։