Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին, որի ընթացքում տեղի է ունեցել դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀԱՊՀ խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հոգաբարձուների խորհրդի անդամներ, բարերարներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ներկա և նախկին շրջանավարտներ:

Վարչապետը շնորհավորել է ներկաներին հիշարժան օրվա առթիվ և նշել. «Մեր կառավարությունը հռչակել է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղեգիծը, և սա չափազանց կարևոր է: Ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ամենակարևոր առաքելությունն է հաղթահարել այն պոտենցիալ վախերը, որոնք կարող են գոյություն ունենալ տեխնոլոգիաների նկատմամբ»։

Վարչապետն ընդգծել է՝ Երրորդ հանրապետության պատմության մեջ առկա խնդիրների մեծ մասը պայմանավորված է տեխնոլոգիական ժամանակակից պահանջներից հետ մնալով: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտները կվերագտնեն համալսարանի՝ Հայաստանն ավելի ու ավելի տեխնոլոգիական երկիր դարձնելու երբեմնի գործառույթը՝ նպաստելով, որ բուհական համակարգը իր կարևորագույն ներդրումն ունենա տեխնոլոգիական ոլորտում երկրի մրցունակության բարձրացմանը:

Շրջանավարտներին շնորհավորել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Ըստ նախարարի՝ Պոլիտեխնիկական համալսարանը Հայաստանի տեխնոլոգիական կյանքում ամենակարևոր ներդրումն ունեցող բուհն է:

«Ես վստահ եմ, որ այսօր այս շարքերում նստած են շրջանավարտներ, որոնք ապագայում կդառնան տարբեր ոլորտներում հատնի գործիչներ: Ես ցանկանում եմ, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հզորանա և աշխարհի տեխնոլոգիական համալսարանների վարկանիշային ցուցակում արժանի տեղ գրավի, իսկ դրա համար մենք բոլորս մեծ աշխատանք պետք է իրականացնենք: Պոլիտեխնիկը պետք է դառնա Հայաստանի տեխնոլոգիական առաջատարը և հզորացնի մեր երկիրը, քանի որ հզորանալու լավագույն միջոցը կրթությունն է» - ասել է նախարարը:

Շրջանավարտներին ողջունելիս Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանն ասել է, որ կրթությունն իր ձևով և տեսակով մշակույթ է, և այս միջոցառումը նույնպես պոլիտեխնիկի պատմության մեջ մի նոր մշակույթ է:

Միջոցառման ընթացքում ՀԱՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների հանձնվել են ՀՀ վարչապետի հուշամեդալներ, պատվոգրեր և մրցանակներ:

Պաշտոնյաները նաև ներկա են գտնվել շրջանավարտների ավարտական հագուստների, բուհի վարչակազմի և հոգաբարձուների հագուստների ցուցադրմանը, որոնք մոդելավորվել և մշակվել են պոլիտեխնիկի 90-ամյա հոբելյանի նախաշեմին: