ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող «Հայահավաք» նախագծի շրջանակում Հայաստանում համերգով հանդես է եկել լիբանանահայ դիրիժոր Կարո Ավեսյանը։

Հունիսի 30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է համերգ, որի ընթացքում ելույթ է ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Մարտիրոսյան)։ Դիրիժոր՝ Կարո Ավեսյան (Լիբանան):

Ծրագրում Գուստավ Հոլստի Սբ. Պողոսի Սյուիտ, Բարտոկի Ռումինական ժողովրդական պարեր, Էդվարդ Միրզոյանի Սիմֆոնիա լարային նվագախմբի և գոսերի համար ստեղծագործություններն էին։

Հիշեցնենք, որ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի ընթացքում Հայաստանում ելույթ են ունենում այնպիսի արտիստներ, որոնք նախկինում որոշ պատճառներով դեռ ելույթ չեն ունեցել կամ ակտիվ ստեղծագործական գործունեություն չեն ծավալել հայրենիքում։ Գործնականում, հայազգի արտիստներին ներկայացնելով ու նրանց ձայնն ավելի լսելի դարձնելով, ԿԵԱԿ-ը նպատակ ունի նոր թափ հաղորդել Հայաստանում մշակութային կյանքի զարգացմանն ու Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդմանը:

Նախագծի շրջանակում Երևանում համերգով հանդես են եկել սիրիահայ դիրիժոր Միսաք Պաղպուտարյանը, կանադահայ դիրիժոր Նուրհան Արմանը, շվեյցարահայ դիրիժոր Լյուք Բաղդասարյանը։