ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հունիսի 13-27-ը մասնակցել է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Վենիս քաղաքում անցկացվող «AACT worldfest 2022» միջազգային թատերական փառատոնին:

Նշենք, որ «AACT worldfest» միջազգային թատերական փառատոնին հնարավորություն են ունենում մասնակցելու ընդամենը 10 երկրի թատերախմբեր: Այս տարի փառատոնին մասնակցում էին հետևյալ երկրները` ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա, Բանգլադեշ, Հայաստան, Ուկրաինա, Բրազիլիա, Իտալիա, Շվեյցարիա:

Տիկնիկային թատրոնն այս տարի փառատոնին մասնակցել է Հովհաննես Թումանյանի «Գելը» տիկնիկային և Մարկ Հեդոնի «Քրիստոֆեր» մեծահասակների համար նախատեսված ներկայացումներով՝ յուրաքանչյուր ներկայացում խաղալով 2 անգամ:

Տեղեկացնենք, որ երկու ներկայացումներն արժանացել են 6 մրցանակի. 2-ը՝ մասնակցության համար, իսկ 4-ը ժյուրիի կողմից տրված գնահատականներն են:

«Քրիստոֆեր» ներկայացումը մրցանակների է արժանացել «Լավագույն ստեղծագործական կազմ», «Լավագույն ադապտացիա» անվանակարգերում: «Գելը» ներկայացումը մրցանակներ է ստացել «Լավագույն տիկնիկային ներկայացում» և «Լավագույն ստեղծագործական կազմ» անվանակարգերում:

Ներկայացումներից բացի՝ թատրոնի ստեղծագործական կազմը 2 շաբաթ վարպետության դասեր է անցկացրել ինչպես փառատոնի հյուրերի, այնպես էլ Վենիսի թատրոնի երիտասարդական կազմի համար. արդյունքում բեմադրվել է 10 րոպեանոց տիկնիկային ներկայացում, որը ցուցադրվել է փառատոնի փակման արարողության ժամանակ:

Փակման արարողությունից անմիջապես հետո թատրոնը հրավեր է ստացել կրկին 2 ներկայացումով մասնակցելու 2024 թվականին կազմակերպվելիք «AACT worldfest 2024»-ին: Թատրոնը նաև հրավեր է ստացել հանդես գալու վարպետության ավելի լայնածավալ դասերով, ինչի արդյունքում կստեղծվի հայ-ամերիկյան տիկնիկային և դրամատիկ ներկայացում, որով հանդիսատեսին կներկայանա 2024 թվականին: