«Օզոնային շերտի պահպանություն» ծրագիրը Սառեցման, օդորակման և ջեռուցման հայկական ասոցիացիայի (ՍՕՋԻ) հետ համատեղ կազմակերպել էր Սառնամատակարարման համաշխարհային օրվան նվիրված աշխատաժողով, որը կրում էր «Պաղեցումը թարմ սննդամթերքի պահպանության երաշխիք» խորագիրը:

Հանդիպմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատար Արմենուհի Պողոսյանը, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների, մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ՍՕՋԻ հայկական ասոցիացիայի անդամները ներկայացրել են նորաստեղծ ասոցիացիայի նպատակներն ու հավակնությունները, որից հետո «Սառնամատակարարում և մասնագիտական կրթություն» վերտառությամբ պանելային քննարկման ընթացքում Արմենուհի Պողոսյանը հանդես է եկել զեկուցմամբ՝ կարևորելով ինժեներական կրթությունը ՄԿՈՒ ոլորտում և աշխատաշուկայի պահանջներին միտված մրցունակ կադրերի թողարկումը:

Անդրադարձ է կատարվել սառնամատակարարման ոլորտում միջին մասնագիտական և բարձրագույն ակադեմիական կրթության նշանակությանը, վերջինիս ազդեցությանը պետության տնտեսության զարգացման վրա, բարձրաձայնվել են նաև մասնագիտական կրթության ապահովման գործընթացում առկա մի շարք խնդիրներ:

Զեկուցումներից ու քննարկումներից հետո ՍՕՋԻ հայկական ասոցիացիայի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածաշրջանային պետական 3 քոլեջների (Երևանի Ն․ Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ, Արարատի տարածաշրջանային պետական քոլեջ, Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ) միջև համագործակցության հուշագրեր են ստորագրվել:

Հանդիպման երկրորդ մասը նվիրված էր ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հնարավորություններին և միտումներին, որի ընթացքում «GEA» գերմանական ինժեներական ընկերությունը ներկայացրել է սառեցման և օդորակման խնդիրների բնական սառնագենտներով լուծումները: