ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվիրակությունը մասնակցել է Օրենբուրգ քաղաքում կայացած «Eurasia Global» միջազգային երիտասարդական 7-րդ համաժողովին:
ՀՀ պատվիրակության կազմում էին հայաստանյան բուհերի 10 ուսանողներ՝ Հայ-ռուսական համալսարանի ներկայացուցիչ Հռիփսիմե Մարգարյանի ղեկավարությամբ:
Ֆորումին մասնակցել են ՌԴ և օտարերկրացի ավելի քան 500 երիտասարդներ, կամավորության, մեդիայի, երիտասարդական միջազգային համագործակցության ոլորտների մասնագետներ 63 երկրից, ներկայացվել են նորարար գաղափարներ և ծրագրեր։
Համաժողովը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնության Երիտասարդության հարցերով դաշնային գործակալության և Օրենբուրգի մարզի կառավարության աջակցությամբ:
Միջոցառումը նպաստում է միջմշակութային կապերի հաստատմանը, համաշխարհային փորձի փոխանակմանը երիտասարդների առաջադրած կայուն զարգացման ծրագրերի ոլորտում:
ՀՀ մասնակիցները երգել են ՀՀ բանակի օրհներգը, «Քոչարի» պարել, մասնակցել մրցույթների, շահել մրցանակ ու նվերներ։ Պատվիրակությունն ազդեցիկ տպավորություն է թողել մշակութային միջոցառման ժամանակ, երբ ներկայացրել է «Կարնո Քոչարի» պարն ու «Երազ իմ երկիր հայրենի» երգը։
Բացի ֆորումի օրակարգային հանդիպումներից և միջոցառումներից՝ հայ երիտասարդները հանդիպել են նաև Օրենբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Օրենբուրգի մշակութային հայկական տանը նրանց հյուրընկալել է համայնքի ղեկավար Գևորգ Սարգսյանը։
Ֆորումի այլազգի բազմաթիվ մասնակիցներ ոգևորվել են մեր պատվիրակության ելույթներով և ցանկություն հայտնել Հայաստան գալ։