ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է «ԵՊՀ-Կրիսպ ԷյԱյ լաբ» (YSU-Krisp AI Lab) գիտակրթական հետազոտական կենտրոնի բացման արարողությանը և դրա շրջանակում կազմակերպված «AI Conf Armenia 2022» խորագրով կոնֆերանսին։

«Krisp» ընկերության հետ համագործակցությամբ բացված արհեստական բանականության լաբորատորիան իր տեսակով աննախադեպ է ՀՀ-ում և կարևոր խթան կհանդիսանա արհեստական բանականության գիտական դպրոցի զարգացման ուղղությամբ։
Միջոցառմանը ներկա են գտնվել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, «Կրիսպ»-ի (Krisp) համահիմնադիր, ԵՊՀ շրջանավարտ Արտավազդ Մինասյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը շնորհավորել է միջոցառմանը ներկա գտնվողներին և իր ուրախությունն է հայտնել մայր բուհի շրջանավարտների աջակցությամբ արհեստական բանականության լաբորատորիայի հիմնադրման կապակցությամբ: Այս համատեքստում Կարեն Թռչունյանը կարևորել է ԵՊՀ շրջանավարտների կողմից ստացած կրթության իմաստի արժևորման նշանակությունը և վստահություն հայտնել, որ նորաբաց լաբորատորիայում աշխատելու են ԵՊՀ ուսանողները, ինչը կարևոր է երկրի ապագայի համար: «Այս լաբորատորիայի օրինակով մենք կունենանք մեծ հաջողություններ»,- հույս է հայտնել Կարեն Թռչունյանը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շեշտել է արտասահմանյան գործընկերների ներգրավման անհրաժեշտությունը՝ կարևորելով նրանց հետ համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացումը։ Որպես հաջողված օրինակ՝ նա նշել է «Կրիսպ» ընկերության համագործակցությունը ԵՊՀ-ի հետ:
«Կրիսպ» ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը հույս է հայտնել, որ 5-7 տարիների ընթացքում արհեստական բանականության ոլորտում լինելու են նոր առաջընթացային զարգացումներ:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Գեղամ Գևորգյանը, իր հերթին, անդրադարձել է ԵՊՀ ուսանողներին, ովքեր, մայր բուհում ուսումն ավարտելով, աշխատանքի են անցել Հայաստանում և արտասահմանում գործող տեխնոլոգիական ընկերություններում և կարողացել են հետադարձ կապ և արդյունք ստեղծել: Նա շնորհակալություն է հայտնել «Կրիսպ» ընկերության համահիմնադիր և ԵՊՀ շրջանավարտ Արտավազդ Մինասյանին նման նախաձեռնության համար:

Հյուրերը շրջել են նորաբաց լաբորատորիայում, ծանոթացել արհեստական բանականության զարգացման փորձարարական և ուսումնական հնարավորություններին։ ԵՊՀ-ի բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները հնարավորություն կունենան նորաբաց կենտրոնում կատարել հետազոտական աշխատանք՝ արհեստական բանականության գիտական թեմաներով, ինչպես նաև տպագրել հոդվածներ։
Ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում«Կրիսպ» ընկերության գիտական թիմի անդամները ղեկավարելու են ուսանողների գիտական թեմաները։