Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր տեղի է ունեցել համալսարանի հիմնադրման 100-ամյակի առիթով թողարկված դրոշմանիշի մարման արարողությունը, որին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ փոխնախարարը նշել է. «Մանկավարժական համալսարանն ուսուցիչների պատրաստման տեսանկյունից մեր հիմնական դարբնոցն է՝ 100-ամյա իր պատմությամբ ուրույն տեղ զբաղեցնելով կրթական համակարգում և ընդհանրապես երկրի զարգացման գործում: Առաջին հերթին շնորհավորում եմ բուհի պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչներին: Առաջիկա տարիներին դուք լուրջ առաքելություն ունեք, քանի որ մեր կրթական համակարգը թևակոխում է բարեփոխումների փուլ: Բոլորիդ ձեռբերումներով լի տարի եմ մաղթում»:
«Մանկավարժական համալսարանի 100-ամյա տարեգրության մեջ ամրագրված են գիտության և կրթության ոլորտներում ներդրված մեծ արժեքներ՝ ուղղված հանրապետության կրթության, ուսուցչական և ընդհանրապես մանկավարժական ոլորտի կոնկրետ որակական փոփոխություններ ապահովելուն»,- ողջույնի խոսքում ասել է ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը՝ բոլորին կոչ անելով Մանկավարժական համալսարանն ու նրա ձեռքբերումները լավագույնս բնութագրող մտքում ուրվագծված պատկերները հանձնել թղթին՝ հետագայում այն կյանքի կոչելու նպատակով:
Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանն էլ ընդգծել է, որ նամականիշը համարվում է պետության խորհրդանիշներից մեկը, ուստի նմանօրինակ իրադարձությունը շատ խորհրդանշական է 100-ամյա պատմություն ունեցող համալսարանի համար:
Դրոշմանիշի մարման արարողությունն իրականացրել են ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոստի բաժնի ղեկավար Ծովինար Գալստյանը, «Հայփոստ» ՓԲԸ կոմերցիոն տնօրեն Ցոլակ Հովհաննիսյանը, ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Միջոցառման ավարտին ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի սաները հանդես եկան պարային կատարումով: Այս միջոցառմամբ տրվեց բուհի 100-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների մեկնարկը, իսկ գլխավոր միջոցառումը՝ գալա համերգը, տեղի կունենա նոյեմբերի 6-ին՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում։
Հավելենք, որ 590 դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի շենքը, լոգոտիպն ու գրությունը: Նամականիշը տպագրվել է Ֆրանսիայում 20.000 տպաքանակով: Դիզայնի հեղինակն է Ռեմ Սահակյանը: