ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է հայազգի անվանի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արդեմ Փաթափությանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Ողջունելով անվանի գիտնականին՝ վարչապետը նշել է. «Հարգելի՛ պարոն Փաթափության, ուրախ եմ Ձեզ տեսնելու և ծանոթանալու համար: Ողջունում եմ Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Ձեր պատրաստակամության համար՝ աջակցելու Հայաստանում գիտության, կրթության զարգացմանը: Այդ ոլորտում շոշափելի բարեփոխումներ անելը մեր ռազմավարական կարևոր ուղղություններից է և կարծում ենք, որ գիտության, կրթության բարեփոխումներն ունեն ռազմավարական նշանակություն ու պետք է կանխորոշեն մեր երկրի ապագան: Իհարկե, մեր հայրենակիցների ներուժն այս գործում ներգրավելը մեզ համար կարևոր է, եթե նման պատրաստակամություն կա»:

Արդեմ Փաթափությանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հավելել. «Գիտությունն ու տեխնոլոգիաները շատ կարևոր են Հայաստանի կյանքի հաջորդ փուլի` ոչ միայն տնտեսության և ռազմական ոլորտի, այլև բոլոր ուղղությունների համար։ Այցելել եմ «Սինոփսիս», «Թումո», և սրանք հայկական հնարամտության երկու հրաշալի օրինակներ են, որոնք օգտակար են ոչ միայն արդյունաբերությանը, այլև մեծ ներդրում ունեն կրթության մեջ: Դրանք բարելավում են կրթությունը, որն ապագայում կսնուցի, կօգնի տնտեսությանը։ Հույս ունեմ, որ կարող եմ օգտակար լինել առողջապահության և ինֆորմատիկայի ոլորտում, որը մաթեմատիկական հենք ունի։ Կարծում եմ, որ այն ապագայի կենսաբանության մեջ մեծ տեղ կունենա:

Հայաստանն իր սահմանափակ բյուջեով կարող է ռազմավարական մոտեցում ցուցաբերել այն ոլորտներին, որտեղ հնարավորություն ունի կարճ ժամանակահատվածում հասնել առավելագույնի։ Կարծում եմ՝ կան որոշակի ուղղություններ, որտեղ կարող ենք մրցակցել, կան նաև ուղղություններ, որտեղ, իմ կարծիքով, իմաստ չունի փորձել դառնալ լավագույնը։ Կրկնում եմ, որ ուրախ կլինեմ օգնել իմ կարողությունների սահմաններում։ Շատ ոգևորված եմ այն ընդհանուր հակակոռուպցիոն շարժման համար, որ դուք սկսել եք: Այն արդեն իսկ արտացոլվում է ակադեմիական շրջանակում»։

Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ-ում գիտության և կրթության ոլորտի խնդիրներին ու կառավարության նախաձեռնած բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Վարչապետը նշել է, որ գործադիրը պատրաստվում է մինչև 2026 թվականը շարունակական ավելացնել գիտության ոլորտի ֆինանսավորումը և հավելել, որ այն արդեն իսկ ավելացել է 80 տոկոսով: Նիկոլ Փաշինյանն առանձնակի կարևորել է գիտական արտադրանքի արդյունավետության բարձրացումն ու բարձրագույն կրթության ոլորտում հետազոտական աշխատանքի ընդլայնումը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն Արդեմ Փաթափությանին կենսաբանության բնագավառում ձեռք բերված ակնառու նվաճումների, բժշկագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով: