ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ջազ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ կմասնակցի Մոսկվայի ջազի փառատոնին։

Նվագախումբը փառատոնին մասնակցում է ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Բուտմանի հրավերով:

Հայաստանի պետական ջազ նվագախումբը երաժշտական այս խոշոր փառատոնի շրջանակում հանդես կգա առաջին անգամ։

Փառատոնին նվագախումբը ելույթ կունենա երկու համերգով՝ ջազ երաժիշտ Լևոն Մալխասյանի, ինչպես նաև հայկական ժողովրդական գործիքներ ներկայացնող երաժիշտների հետ։

Նվագախմբի առաջին համերգը տեղի կունենա հունիսի 17-ին՝ ժամը 20:00-ին, Զարյադյե այգու բացօթյա համերգասրահում, իսկ երկրորդը՝ հունիսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կանաչ թատրոնում (ВДНХ)։

Նշենք, որ փառատոնն անցկացվում է հունիսի 13-19-ը։ Մասշտաբային միջոցառմանը մասնակցում են 700 արտիստներ Ռուսաստանից և աշխարհի տարբեր երկրներից։ Համերգներն անցկացվում են Մոսկվայի լավագույն երաժշտական դահլիճներում և համալիրներում։ Փառատոնի շրջանակում կիրականացվեն նաև տարաբնույթ կրթական և մշակութային այլ ծրագրեր։