Երևանի պետական համալսարանի գիտական աստիճան ստացած մի խումբ շրջանավարտների հունիսի 15-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ավարտական դիպլոմներ են տրվել:

Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, այլ պաշտոնատար անձինք, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ստորաբաժանումների ղեկավարներ, մշակույթի գործիչներ, ուսանողներ, հյուրեր:

Դիպլոմները շրջանավարտներին հանձնել են ՀՀ պաշտպանության նախարար, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանն ու ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է նրանց հիշարժան օրվա առթիվ. «Կարծում եմ՝ Երևանի պետական համալսարանն ավարտելը շատ կարևոր իրադարձություն է յուրաքանչյուր ուսանողի կյանքում: Ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ Հայաստանի՝ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ մենք խնդիր ենք առաջադրել, որ առնվազն երեք հայաստանյան բուհ պետք է տեղ գտնի բուհերի միջազգային վարկանշավորման սանդղակի առաջին 200 հորիզոնականում: Կարծում եմ՝ պետք է արձանագրենք, որ Երևանի պետական համալսարանը, բնականաբար, այս ցուցանիշի ապահովման ամենակարևոր հավակնորդներից մեկն է: Ընդհանուր առմամբ մենք չենք դադարում կրկնել, որ կրթությունը և կրթության ոլորտի բարեփոխումներն ամենառազմավարական ուղղություններն են:

Սիրելի՛ շրջանավարտներ, կրկին շնորհավորում եմ բոլորիդ և շնորհակալություն եմ հայտնում ձեզ կրթությունը փոխելու և փոխվելու կարողությանը ձեր նվիրվածության համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր դասախոսներին, պրոֆեսորադասախոսական կազմին, Երևանի պետական համալսարանին կատարված աշխատանքի համար»:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ պետք է երախտապարտ լինել նրանց, ովքեր հիմնադրել են ԵՊՀ-ն 103 տարի առաջ, այն սերունդներին, որոնք ներդրում ունեն համալսարանի կայացման, զարգացման ու միջազգային ճանաչման գործում. «Վստահ եղեք, որ կրթությունն է ամենակարևոր ոլորտը: Բոլոր խնդիրների լուծման բանալին թաքնված է ճիշտ կրթության մեջ, որն սկսվում է մանկապարտեզից, իսկ դուք երկրի մտավոր, ինտելեկտուալ ու լայն իմաստով անվտանգության երաշխավորներն եք»,- ասել է նախարարը:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, դիմելով շրջանավարտներին, նշել է, որ նրանց պետք է համակի հպարտության զգացումը, քանի որ կրթական ու գիտական փառավոր պատմություն ունեցող Մայր բուհում անցկացրած տարիները եղել են ոչ միայն մասնագիտություն ստանալու, այլև ինտելեկտուալ բացահայտումների ժամանակաշրջան:

«Ձեր գործունեությամբ դուք պետք է նպաստեք ավելի արդար, կիրթ հասարակություն, առավել հզոր ու բարեկեցիկ երկիր ձևավորելու գործին»,-շեշտել է ռեկտորը:

ՀՀ վարչապետ Փաշինյանը ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հանձնել է պարգևներ: Մասնավորապես, ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Շուքուրյանը, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էմիլ Գևորգյանը, ԵՊՀ ակադեմիկոս, Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սահարյանը, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ներկարարյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանը:

ՀՀ վարչապետի շնորհակալագրով են խրախուսվել ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը, ԵՊՀ մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, կենսաբ. գիտությունների թեկնածու, դոցենտ Աննա Կարապետյանը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, պատմ. գիտությունների թեկնածու, դոցենտ Վահրամ Պետրոսյանը, ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բան. գիտությունների թեկնածու Նվարդ Երնջակյանը, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ֆոտոնիկայի և արհեստական բանականության գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու Մուշեղ Ռաֆայելյանը:

Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել հայազգի անվանի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արդեմ Փաթափությանը, որին գիտության բնագավառում բացառիկ նվաճումների համար շնորհվել է ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում։

Երեկոն եզրափակվել է համերգային ծրագրով: