Հունիսի 13-17-ը Երևանում անցկացվող Գիտության և բիզնեսի օրերի շրջանակում Երևանում գտնվող Նոբելյան մրցանակակիր, գիտնական Արտեմ Փաթափությանը այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն և հանդիպել գիտական հանրության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, նախարարությունների, ուսումնական հաստատությունների և ՏՏ ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հյուրերին ընդունել է «Սինոփսիս Արմենիայի» նախագահ Երվանդ Զորյանը և «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Շրջայցի ընթացքում նրանք ծանոթացել են ընկերության աշխատանքներին, կրթական ծրագրերին, զրուցել ուսանողների հետ:

Երվանդ Զորյանը տեսապատկերների միջոցով ներկայացրել է «Սինոփսիս Արմենիայի» գործունեությունը, առաջիկա ծրագրերն ու զարգացման տեսլականը:

Այնուհետև Հովիկ Մուսայելյանը հակիրճ ներկայացրել է Արտեմ Փաթափությանի կենսագրությունը, որից հետո ողջույնի խոսք է ասել ՀՀ նախագահը:

«Մենք կարող ենք ներկայանալի լինել աշխարհում մարդկային ռեսուրսների միջոցով: Դրա վառ օրինակն է մեր հայրենակից Արտեմ Փաթափությանը»,- ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը` ընդգծելով, որ զարգացման համամարդկային ուղին գիտությունն է:

Հարցուպատասխանի ընթացքում հայազգի գիտնականն անդրադարձել է իր գիտական գործունեությանը, պատասխանել ներկաների հարցերին: