ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Բժշկություն» որակավորումների ոլորտային շրջանակի բնութագրերի մշակման աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են բնութագրերի սահմանմանն առնչվող հարցեր:

Որակավորումների ոլորտային շրջանակները հիմք են հանդիսանալու բարձրագույն ուսումնական հաստատությունների համար՝ վերանայելու և արդիականացնելու իրենց կրթական ծրագրերը՝ հիմնվելով ուսումնառության վերջնարդյունքների վրա։ Որակավորումների ազգային շրջանակին համապատասխան՝ որակավորումների ոլորտային շրջանակները նկարագրելու են տվյալ մասնագիտական ոլորտի գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, որն էլ կնպաստի մասնագիտական կողմնորոշմանը և բուհերի կողմից իրականացվող կրթական ծրագրերի որակի բարելավմանը:

Որակավորումների ոլորտային շրջանակի հաստատումից հետո բուհերը պետք է համապատասխան փոփոխություններ կատարեն իրենց կրթական ծրագրերում, դասավանդվող առարկաների բովանդակության և վերջնարդյունքների մեջ:

Քննարկման արդյունքում հստակեցվել է մշակված շրջանակի վերջնական տարբերակի հաստատման ժամկետը։