ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանի 60-ամյակին նվիրված համերգ: Միջոցառմանը ներկայացվել է միջազգային լայն ճանաչում գտած «Լույսի մեսսա» ստեղծագործությունը:

Մինչ համերգի մեկնարկը, կոմպոզիտորի հոբելյանի կապակցությամբ հնչել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես ասվում էր.

«Սիրելի՛ մաեստրո, ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ:

Դուք, հիրավի, մեր ժամանակակից երաժշտարվեստի այն ստեղծագործող կոմպոզիտորներից եք, որը հայտնի է ոչ միայն իր հրաշալի ստեղծագործություններով, այլև իբրև խմբավար և մանկավարժ: Ձեր տաղանդի վկայությունն է նաև հայ արդի երաժշտարվեստի ականավոր գործիչների հարգանքն ու համակրանքը Ձեր անձի և արվեստի հանդեպ:

Ձեր ստեղծագործությունները հնչել են աշխարհի տարբեր բեմերում` Արևմուտքից Արևելք, ԱՄՆ-ից մինչև Ճապոնիա՝ ամենուր արժանանալով մեծ ընդունելության և բարձր գնահատականի:

Հուսով ենք, որ Ձեր մասնակցությամբ հեղինակային ստեղծագործությունների կատարումը ձեռք կբերի պարբերական բնույթ:

Մաղթում եմ Ձեզ երկար, բեղուն ստեղծագործական կյանք, լեփ-լեցուն դահլիճներ և շնորհակալ հանդիսատես»:

Հոբելյանական համերգին ելույթներով հանդես են եկել Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (խմբավար և գեղարվեստական ղեկավար՝ Քրիստինա Ոսկանյան)։ Մենակատարներ՝ սոպրանո Ռուզան Մանթաշյան և բարիտոն Գուրգեն Բավեյան։ Համերգի դիրիժորն է Ռոբերտ Մլքեյանը։