ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հունիսի 9-ին այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն՝ հետևելու Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարի 3-րդ տուրի պարտիաներին:

Հուշամրցաշարին 8 երկրի շուրջ 100 շախմատիստ է մասնակցում: Ռուսաստանցի շախմատիստները հանդես են գալիս ՖԻԴԵ-ի դրոշի ներքո:

Մասնակիցներից 9-ը գրոսմայստերներ են: Ամենաբարձր անհատական վարկանիշն ունի Հրանտ Մելքումյանը (2655), նրան հաջորդում են իրանցի Ամին Տաբատաբաեին (2650) և Շանթ Սարգսյանը (2648):

Հուշամրցաշարում իրենց երրորդ անընդմեջ հաղթանակներն են տարել Շանթ Սարգսյանն ու Հովիկ Հայրապետյանը: Նրանց հետ
առաջատարների խմբում են նաև 3-ական միավոր վաստակած Դավիթ Շահինյանը, Արթուր և Արսեն Դավթյաններն ու Անդրեյ Դերբենյովը:

Կանանց պայքարում ամենահաջողը հանդես է գալիս Լիլիթ Մկրտչյանը, որը 3 տուրից հետո վաստակել է 2,5 միավոր:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 14 մլն դրամ է: Դրամական մրցանակներ են նախատեսված լավագույն 15 շախմատիստների համար: Կպարգևատրվեն նաև կանանց, վետերանների և պատանիների պայքարում լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները:

Մրցաշարի հաղթողը կպարգևատրվի 3 մլն դրամով: 2-րդ և 3-րդ մրցանակակիրները կստանան համապատասխանաբար 2 և 1,5 մլն դրամ: