Այսօր ՀՀ ֆինանսների նախարարությունում Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել է «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը: Հանդիպմանը ներկա են եղել Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանն ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

22 մլն 600 հազար եվրո գումարի չափով վարկային համաձայնագրով նախատեսվում է ընդլայնել «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ուղղությունները՝ դրանք համապատասխանեցնելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի «Մարդկային կապիտալի զարգացում» կետի դրույթներին:

Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, ասել է. «Համաշխարհային բանկի հետ իրականացվող ծրագրերը մեզ համար ոչ միայն ֆինանսական միջոցներ են, որոնք ուղղվում են կրթական կարևորագույն ենթակառուցվածքների և միջավայրի ձևավորմանը, այլև հնարավորություն են տալիս մշտապես համագործակցել ՀԲ փորձառու թիմի հետ և ստեղծել նմանօրինակ արժեքավոր ծրագրեր»:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, շնորհակալություն հայտնելով գործընկերներին կառուցողական երկխոսության և աջակցության համար, նշել է. «Ուրախ եմ այսօրվա համար, քանի որ շարունակություն ենք ունենում մի ոլորտի, որով կրթության ռազմավարության, ՀՀ կառավարության ծրագրի կարևորագույն թիրախներն իրացնելու հնարավորություն ենք ստանում: ԿԳՄՍ նախարարության անունից վստահեցնում ենք, որ առաջ կտանենք բոլոր օրակարգերը կրթության բարելավման համար»:

ՀՀ կառավարության ծրագրով մինչև 2026 թվականը նախատեսվում է կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց և 500 մանկապարտեզ` ապահովելով դրանց ամբողջական հագեցումն անհրաժեշտ գույքով և սարքավորումներով: Բացի դրանից` նախատեսված է մինչև 2026 թվականը հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբորատորիաներ, որոնք կնպաստեն ԲՏՃՄ (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ինֆորմատիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն) ուղղությամբ կրթության որակի բարելավմանը:

ՀԲ վարկային միջոցները կուղղվեն կառավարության ծրագրով նախատեսված մի շարք աշխատանքների իրականացմանը:

Նշենք նաև, որ ծրագրի շրջանակում բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվելու են նորարարական ու զարգացման ծրագրեր՝ նպաստելով դասավանդման և ուսումնառության միջավայրի, հետազոտական կարողությունների զարգացմանը: