ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը հունիսի 9-ին՝ ժամը 19:00-ին, կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանի 60-ամյակի շրջանակում կներկայացնի միջազգային լայն ճանաչում գտած «Լույսի մեսսա» մեծակտավ ստեղծագործությունը:

Համերգին ելույթներով հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (խմբավար և գեղարվեստական ղեկավար՝ Քրիստինա Ոսկանյան)։ Մենակատարներ՝ սոպրանո Ռուզան Մանթաշյան և բարիտոն Գուրգեն Բավեյան։ Համերգի դիրիժորն է Ռոբերտ Մլքեյանը։

Դավիթ Հալաջյանն ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը։ 1989 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ֆակուլտետը, 1991 թվականին՝ ասպիրանտուրան։

Ուսանելու տարիներին Դավիթ Հալաջյանը աշխատել է Հայաստանի պետական ռադիոյում՝ որպես երաժշտական խմբագիր։ 1991 թվականին շարունակել է ուսումը էլեկտրաակուստիկ երաժշտության բնագավառում, Բազելի երաժշտական ակադեմիայում և Ցյուրիխի կոնսերվատորիայում։

Ներկայում Հալաջյանը աշխատում է որպես կոմպոզիտոր, երգչախմբի խմբավար, դասավանդում է Ցյուրիխի կոնսերվատորիայում։

Հալաջյանի երաժշտական ստեղծագործությունները ներկայացվել են Հայաստանի, Գերմանիայի, Իսպանիայի, Հոլանդիայի, Իտալիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Լիտվայի, Ռուսաստանի և Շվեյցարիայի համերգային տարբեր ծրագրերում և երաժշտական փառատոներում։