ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Սևան երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպությունը շարունակում է իրականացնել «Ափդեյթ» ծրագիրը:
Ներկայում մեկնարկել է ծրագրի 3-րդ փուլը՝ «Ափդեյթ 3-ը», որն ամփոփում է նախորդ երկու փուլերի ընթացքում հասարակական կազմակերպության երիտասարդների՝ Սևանի առափնյա շրջանների համայնքներից հավաքած, գրանցած և նոտայագրած երգային բանահյուսության նմուշները: «Ափդեյթ 3» ծրագրի ընթացքում իրականացվում են այդ նմուշների ձայնագրությունները, պատանիների և երիտասարդների ուսուցումը, ինչպես նաև երգերի վերադարձը համայնքին ու տարածումը:
Երրորդ փուլում նախատեսվում է նաև հավաքագրված երգերից մի քանիսը մշակել և հանրայնացնել պրոֆեսիոնալ երաժիշտների կամ երաժշտական խմբերի կատարմամբ` արդյունքում ունենալով նոր շունչ ստացած և երիտասարդներին ավելի հասանելի ու ընկալելի կատարումներ` պահպանելով երգի ու երաժշտության նախնական մոտիվը: Միևնույն ժամանակ կնկարահանվեն տեսահոլովակներ, որոնք կտեղադրվեն սոցիալական հարթակներում (youtube, facebook)՝ հանրությանը ավելի հասանելի դարձնելու նպատակով:
Երգերից բացի՝ նախատեսվում է իրականացնել այցելություններ դեպի երգակիր համայնքներ (որտեղից հավաքագրվել են վերոհիշյալ երգերը), համայնքային կենտրոններում հանդիպումներ տեղացի պատանիների ու երիտասարդների հետ, երգերի ներկայացում, ուսուցանում և շփում:
Հանդիպումները միտված են համայնքների հետ կապի պահպանմանը՝ չկտրելով երգերն ու երիտասարդներին իրենց արմատներից:
Ծրագրի նպատակն է նպաստել մոռացության մատնված ոչ նյութական մշակութային ժառանգության՝ մասնավորապես ժողովրդական երգերի պահպանմանը և կենսունակությանը Սևանի ավազանի համայնքներում: