Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում Ռուսաստանում հունիսի 10-13-ը կանցկացվի «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանի Դաշնությունում» ծրագիրը: Հունիսի 10-11-ը միջոցառումները կանցկացվեն Մոսկվայում, իսկ հունիսի 13-ին՝ Կիսլովոդսկում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հունիսի 10-12-ը պաշտոնական այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում՝ մասնակցելու «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրին:
Մոսկվա կատարած այցի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը կհանդիպի Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարի տեղակալ, պետքարտուղար Ալլա Մանիլովայի հետ:
Մշակույթի օրերի շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Կոմիտասի անվան ազգային քառյակը հանդես կգան համերգներով:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Մոսկվայում՝ բացելով Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումները: Ազգային ֆիլհարմոնիկը Մոսկվայում ելույթ կունենա հունիսի 10-ին՝ ժամը 19:00-ին, Չայկովսկու անվան համերգասրահում: Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Ծրագրում կհնչեն հայ և ռուս ականավոր կոմպոզիտորների ստեղծագործություններից. Արամ Խաչատրյանի Սյուիտը ‹‹Սպարտակ›› բալետից, Առնո Բաբաջանյանի ‹‹Հերոսական բալլադը››՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար, և Չայկովսկու թիվ 6 ‹‹Պաթետիկական›› սիմֆոնիան: Համերգի մենակատարն է անվանի դաշնակահար, Չայկովսկու անվան մրցույթի (1994 թ.) և Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի մրցանակակիր (1999 թ.), ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Գինդինը:
Այդ օրը որպես համերգի պատվավոր հյուր հանդես կգա նաև միջազգային ճանաչում վայելող ՀՀ վաստակավոր արտիստ Լիպարիտ Ավետիսյանը (տենոր):
Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը ելույթ կունենա
հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Մոսկվայի կոնսերվատորիայի փոքր դահլիճում։ Քառյակի երկրորդ համերգը կկայանա հունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, Կիսլովոդսկի Վ․ Ի․ Սաֆոնովի անվան Հյուսիսկովկասյան պետական ֆիլհարմոնիայում: Ելույթ կունենան երաժիշտներ Էդուարդ Թադևոսյանը (առաջին ջութակ), Սյուզի Երիցյանը (երկրորդ ջութակ), Ալեքսանդր Կոսեմյանը (ալտ), Անժելա Սարգսյանը (թավջութակ)։ Համերգային ծրագրում կհնչեն Ռախմանինովի, Միրզոյանի, Կոմիտաս/Ասլամազյանի ստեղծագործություններից։