Այսօր 67 տարեկանում կյանքից հեռացել է ԵՊՀ նախկին ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Հրաչիկի Սիմոնյանը:

Արամ Սիմոնյանը, լինելով պատմաբան, հեղինակել է բազմաթիվ գիտական աշխատություններ՝ իր ներդրումն ունենալով հայագիտության զարգացման գործում: Նրա գիտական աշխատությունների առանցքում հայ ժողովրդի՝ XIX դարի երկրորդ կեսի և XX դարասկզբի պատմության հիմնահարցերն էին:

Արամ Սիմոնյանը 2006-2019 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր, հիմնել և որպես տնօրեն ղեկավարել է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը:

Նա արժանացել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչման, մի շարք պարգևների, որոնց թվում՝ «Մովսես Խորենացի» մեդալի, «Վաչագան Բարեպաշտ» մեդալի, Ղազախստանի և Թուրքմենստանի պետական պարգևների:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր զորակցությունն է հայտնում Արամ Սիմոնյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին՝ մաղթելով համբերություն ու տոկունություն: