Երևանի ու ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում Երևանում հյուրընկալվել են ՀՀ Արմավիրի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների պատվիրակությունները:

Արմավիրի մարզը ներկայացնող սաները Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում հանդես են եկել համերգային հագեցած ծրագրով և ցուցահանդեսով:

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի և Վարդենիկ համայնքի երաժշտական դպրոցների սաներին հյուրընկալել է Երևանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցը: Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի երաժշտական դպրոցի և Աղավնաձոր համայնքի երաժշտական դպրոցների սաներն էլ համերգային ծրագրով ելույթ են ունեցել Երևանի Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում:

Մինչև ելույթները հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա կապակցությամբ մայրաքաղաքի հյուրերը նախ այցելել են Կոմիտասի անվան պանթեոն, ծաղիկներ խոնարհել մեծանուն կոմպոզիտորի շիրմին: Այնուհետև դպրոցականները շրջայց են կատարել Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ ծանոթանալով թանգարանի բովանդակությանը:

Կոմիտասի անվան պանթեոն են այցելել երաժշտական հանրության ներկայացուցիչները, այդ թվում՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, որը, ջերմորեն ողջունելով «Քույր դպրոցներ» ծրագրի մասնակիցներին, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ է մաղթել մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների սաներին ու մանկավարժներին: