Կայացել է «Ապագայի ծիլեր» ծրագրի փակման առցանց արարողությունը՝ պայմանավորված ՔՈՎԻԴ 19 համաճարակի սահմանափակումներով:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ կարևորելով թվայնացման գործընթացը կրթական համակարգում և, առհասարակ, հանրային կյանքի տարբեր ոլորտներում:

«Հայաստանի կրթական համակարգում ներկայում ակտիվ ներդրվում են թվայնացման գործիքներ՝ ինչպես համավարակի դիմակայման, այնպես էլ որակյալ կրթության մատչելիության ապահովման նպատակով: Մենք ունենք թվայնացման ոլորտի մասնագետներ ոչ միայն կրթության, այլև մեր երկրի հանրային կյանքի տարբեր ոլորտներում, ինչը նպաստում է մասնակցային և թափանցիկ ընթացակարգերի կիրառմանը: Լիահույս եմ, որ դուք կհամալրեք մասնագետների այն բազան, որը կօգնի մեր պետությանը այդ կարևորագույն խնդիրները լուծելու ճանապարհին»,- փաստել է նախարարի տեղակալը:

«Հուավեյ տեքնոլոջիս Արմենիա» ընկերության տնօրեն Չեն Լիանգի խոսքով՝ ծրագիրը հնարավորություն է տվել ընդլայնել մասնակիցների գիտելիքներն ու հմտությունները տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում:

«Սա հատկապես կարևոր է այսօր՝ համաշխարհային և դինամիկ տնտեսության հիպերկապված աշխարհում, որը ենթարկվում է մշտական փոփոխությունների և մարտահրավերների: Համոզված եմ, որ այն սերմերը, որոնք ցանվեցին, ապագայում առատ բերք կբերեն ձեզ, ինչպես նաև Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերություններին։ Իսկ ապագան երաշխավորված է, քանի որ յուրաքանչյուր պտուղ սերմ է, որը պետք է ցանել ապագայի համար»,- նշել է նա:

Ծրագրի մասնակիցներին ողջունել են նաև «Հայաստանի օպերատորների միության» ՀԿ տնօրեն, ՀՊՏՀ «Տեղեկատվական տեխնոլոգիաները բիզնեսում» ծրագրի ղեկավար Քրիստինե Գյոնջյանը և «Արփինետ» ընկերության զարգացման գծով տնօրեն Լիլիթ Բդոյանը: