Հունիսի 3-ին շուրջ 21 հազար շրջանավարտ նշում է «Վերջին դասը»՝ հրաժեշտ տալով դպրոցին:

Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան՝ շնորհավորելու շրջանավարտներին և ներկա գտնվելու ավարտական միջոցառմանը: «Վերջին դասի» արարողությանը ներկա է եղել նաև ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ջերմորեն շնորհավորել է շրջանավարտներին տոնական օրվա և կյանքի նոր փուլի մեկնարկի կապակցությամբ. «Այս օրվանից հետո սկսվում է ձեր կյանքի կարևոր որոշումներ ընդունելու փուլը: Վստահ եմ՝ նախորդ տարիներին ձեր ուսուցիչների օգնությամբ ստացել եք բոլոր նախադրյալները՝ կայացնելու պատասխանատու, գիտակցված որոշումներ, դառնալու լավագույն մասնագետը և քաղաքացին»:

Փոխնախարարը կոչ է արել չվախենալ սխալներից և այսօրվա նույն թեթևությամբ ու ոգևորությամբ հաղթահարել կյանքի բոլոր փուլերը:

«Մանկավարժական համալսարանին կից վարժարանի շրջանավարտ լինելը լրացուցիչ պատասխանատվություն է. հույս ունեմ, որ ձեր շարքերում կան ապագա ուսուցիչներ»,- ասել է նախարարի տեղակալը՝ շնորհակալություն հայտնելով նաև ուսուցիչներին կարևոր և պատասխանատու գործի համար:

«Վստահ եմ՝ բազում առիթներ ենք ունենալու՝ հպարտանալու ձեր հաջողություններով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը և բոլոր շրջանավարտներին մաղթել բազում հաջողություններ:

Հունիսի 7-ից մեկնարկում են 2021-2022 ուստարվա միասնական քննությունները: Այս կապակցությամբ փոխնախարարը վստահություն է հայտնել, որ շրջանավարտները, որոնք բուհ ընդունվելու դիմում-հայտ են ներկայացրել, կգրանցեն լավագույն ցուցանիշները, ինչը թույլ կտա գնալ նպատակների իրագործման ճանապարհով:

Շրջանավարտներին շնորհավորել և բարեմաղթել են նաև ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը:

Ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ընդգծել է՝ կրթօջախը կյանք է ճանապարհում հերթական պայծառ սերնդին՝ համոզված լինելով, որ նախադրյալները, որոնք տրվել են նրանց, որակապես բարձր ուղենիշ են լինելու պետության նոր ձեռքբերումների համար:

Նույն համատեքստում վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանն ընդգծել է. «Դուք ձեր աշխատանքով և ներդրումով մեր երկրի հզորացման և ամրապնդման գործի հուսալի և ակտիվ մասնակիցն եք դառնալու: Շարունակե՛ք հարստացնել ձեր գիտելիքը և դարձե՛ք ՀՀ իրավատեր քաղաքացիներ: Մաղթում եմ խաղաղ երկինք և նոր ձեռքբերումներ»:

Ի դեպ, ՀՊՄՀ հենակետային վարժարան կատարած այցը կրում էր խորհրդանշական բնույթ. այս տարի Մանկավարժական համալսարանը նշում է հիմնադրման 100-ամյակը, իսկ 2021 թ.-ից աշակերտները հաճախում են վարժարանի՝ արդեն իսկ հիմնանորոգված շենք:

Կյանքի շրջադարձային փուլում հուզված էին նաև աշակերտները: Նրանք ևս միմյանց շնորհավորել են ու բարեմաղթել՝ հաջողությամբ հանձնել բոլոր քննությունները, հասնել նպատակներին, հաղթահարել խոչընդոտները և երբեք չհիասթափվել: Նրանցից ոմանք ընտրել են իրավաբանի, որոշները՝ լեզվաբանի, մանկավարժի և այլ մասնագիտություններ:

«Պետք է պատվով հանձնեմ քննություններս: Հույս ունեմ՝ կհասնեմ նպատակներիս. ցանկանում եմ դառնալ մանկավարժ, կրթել ապագա սերնդին»,- իր առաջիկա ծրագրերի մասին պատմել է շրջանավարտներից մեկը՝ Հասմիկը:

Շրջանավարտները նաև նշել են, որ կարոտով և նվիրումով կհիշեն հարազատ կրթօջախը՝ միշտ կիրառելով ստացած գիտելիքն ու հմտությունները: