ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) բնական պաշարների նախարարության երկրի արբանյակային հեռազննման կիրառության կենտրոնի (ԵԱՀԿԿ) միջև ստորագրվել է «Արբանյակային պատկերների կիրառման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Փաստաթուղթը ստորագրել են Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵԱՀԿԿ գլխավոր տնօրեն Վանգ Քվանը և ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը:

Հուշագրի նպատակը երկրի արբանյակային հեռազննման տվյալների և տեխնոլոգիաների կիրառման ոլորտում հայ-չինական գիտական համագործակցության զարգացումն է:

Համագործակցության շրջանակում չինական կողմը հայկական կողմին, ի դեմս ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի, անվճար տրամադրելու է ՀՀ բնական ռեսուրսների վերաբերյալ արբանյակային հեռազննման արդյունքում ստացած տվյալներ:

Հայ և չինացի մասնագետները համատեղ աշխատելու են հետևյալ ուղղություններով՝ բարձր լուծաչափով հեռազննման տվյալների մշակում, համատեղ չափորոշում և արտադրանքի ստուգում, ՀՀ բնական ռեսուրսների արբանյակային պատկերների հիման վրա 1:25․000 և 1:50․000 աշխարհատարածական տեղեկատվական արտադրանքների ստեղծում ու թարմացում, աշխարհատարածական տեղեկատվության վերհանում և փոփոխությունների հայտնաբերում հեռազննման տեխնոլոգիաների կիրառմամբ:

Հեռազննման տվյալները և «GIS» համակարգերը կիրառվելու են գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ջրային պաշարների պահպանման, հողային ռեսուրսների կառավարման, քաղաքաշինության, էկոլոգիական միջավայրի, աղետների կանխարգելման ու դրանց հետևանքների մեղմման և այլ ոլորտներում:

Հուշագրով նախատեսվում են սեմինարների, աշխատաժողովների և վերապատրաստման դասընթացների կազմակերպում, կադրերի փոխանակում, տեխնիկական նախագծեր և աջակցություն, տարածաշրջանային համագործակցության մեխանիզմի ու ենթակառուցվածքային ցանցի զարգացում, ինչպես նաև գիտական ուսումնասիրությունների և համագործակցության նախագծերի արդյունքների հրապարակում: