Մայիսի 28-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ (նախկին Շորժա) - Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում, անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը, որին երկուական տարիքային խմբերում շուրջ 360 հեծանվորդ է մասնակցել:

40 կմ մրցատարածությունը տղամարդկանց առաջին տարիքային խմբում բոլորից արագ հաղթահարել են Պավել Ստեփանյանը, Սերգեյ Պողոսյանը և Անանիա Ոսկանյանը, իսկ կանանց առաջին տարիքային խմբում՝ Նարե Ղարիբյանը, Անի Սարգսյանը, Լիլիթ Հարությունյանը:

Տղամարդկանց երկրորդ տարիքային խմբի լավագույն եռյակում ընդգրկվել են Սամվել Հովհաննիսյանը, Վազգեն Ղուլիջանյանը և Արմեն Գևորգյանը, իսկ կանանց երկրորդ տարիքային խմբում՝ Ռուզաննա Հովասափյանը, Լիլիթ Արարատյանը և Սեդա Ազատյանը:

Հաղթողներին և մրցանակակիրներին պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է ներկաներին, մրցաշարի մասնակիցներին ու մրցանակակիրներին. «Նախ ուզում եմ ևս մեկ անգամ բոլորիս շնորհավորել Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առիթով: «Վարչապետի գավաթ» մրցաշարն ի սկզբանե հենց այդպես էլ պլանավորել ենք, որ ամեն ձևի հետ կապված գավաթը տեղի ունենա մեր պետականության համար կարևոր նշանակություն ունեցող օրերին:

Ուզում եմ շնորհավորել բոլորիս, որովհետև այս մրցաշարերը կայանում են, և ամեն տարի մենք տեսնում ենք, որ մի փոքր ավելի մասնակիցներ ունենք: Շարունակելու ենք բոլոր մրցաշարերը, դրանք լինելու են ավանդական, մրցանակային հիմնադրամը առնվազն չի պակասելու: Հույս ունենանք՝ սա կնպաստի, որպեսզի մեր երկրում ավելի շատ մարդիկ զբաղվեն սպորտով, առողջ ապրելակերպը դառնա կենսակերպ»:

Վարչապետն ուրախությամբ ընդգծել է, որ կան կրկնակի մրցանակակիրներ, կա նաև մրցանակակիր, որը երեք մրցանակ է ստացել. երկուսը՝ հեծանվավազքից, մեկը՝ վազքից: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ նրանց օրինակը կոգեշնչի այն մարդկանց, ովքեր նախկինում առիթ չեն ունեցել մասնակցելու այս մրցաշարերին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ մրցաշարը միանշանակ կարելի է հաջողված համարել. «Այս անգամ պրոֆեսիոնալ ֆեդերացիայից բացի՝ ընդգրկեցինք սիրողական հեծանվասպորտի մրցավարների ու չունեցանք որևէ խնդիր: Տեսնում եք՝ որքան մարդ է այսօր առողջ ապրում: Անում ենք ամեն ինչ, որպեսզի առողջ ապրելակերպը ոչ թե ձևական բնույթ կրի, այլ մտնի կենցաղ»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է նաև առաջին անգամ սիրողական մրցաշարում դոպինգ-ստուգում իրականացնելը. «Մենք ազնիվ և մաքուր սպորտի կողմնակիցն ենք, դեմ՝ ցանկացած խթանիչների: Ստուգումն իրականացվել է Հայաստանի հակադոպինգային հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ բոլորովին անվճար»:

Մրցաշարին նաև դեսպանատների ներկայացուցիչներ են մասնակցել, իսկ ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսը լավագույն արդյունքներից մեկն է ցույց տվել և պարգևատրվել խրախուսական նվերով:

«Շնորհակալ եմ այս հիանալի նախաձեռնության համար: Հեծանիվները, միանշանակ, կարող են փոխարինել մեքենաներին: Հուսով եմ՝ Հայաստանում շուտով ավելի շատ հեծանիվներ կտեսնենք: Այս գործընթացում պատրաստ ենք աջակցել Հայաստանին»,- ասել է Նիկոլաս Սխերմերսը:

Տղամարդկանց առաջին տարիքային խմբում հաղթող ճանաչված Պավել Ստեփանյանն Աբովյանից է, ժամանակին զբաղվել է հեծանվասպորտով, իսկ 40 կմ մրցատարածությունը հաղթահարել է 1 ժամ 15 րոպեում: Ասում է՝ մրցատարածությունը քիչ էր, բայց կային շատ ուժեղ մրցակիցներ. «Նախորդ տարվա մրցաշարին 4-րդ տեղն էի զբաղեցրել, քանի որ լավ չէի պատրաստվել ու, անկեղծ ասած, այդքան էլ լուրջ չէի վերաբերվել մրցաշարին, քանի որ Հայաստանում նմանօրինակ մրցանակային ֆոնդով մրցումներ շատ չեն լինում: Այս տարի արդեն լուրջ մոտեցա: Լավ էի նախապատրաստվել և ուրախ եմ, որ կարողացա հաջողության հասնել»:

Աղջիկների առաջին տարիքային խմբում էլ հաղթող է ճանաչվել 27-ամյա Նարե Ղարիբյանը՝ դարձյալ Կոտայքի մարզից: Նա մրցատարածությունը հաղթահարել է 1 ժամ 20 րոպեում, իսկ հեծանվասպորտով սկսել է զբաղվել նախորդ տարվա հունիսից. «Նախորդ տարի երկրորդ հորիզոնականը զբաղեցրի՝ երեք ամիս մարզվելով: Դրանից հետո անընդհատ շարունակում էի մարզումները, նույնիսկ՝ ձմռանը: Երկու շաբաթ առաջ էլ մարզվում էի այս տարածքում ու նույն հեռավորությունը 1 ժամ 14 րոպեում էի հաղթահարել: Լավագույն արդյունքը չէր, բայց ուրախ եմ, որ այս անգամ առաջին տեղով ավարտեցի»:

Երկու տարիքային խմբերում 1-ից 20-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են դրամական մրցանակներով: Մասնավորապես՝ 1-ին տեղը զբաղեցրած մասնակիցները ստացել են 1 մլն դրամ, 2-րդ տեղը՝ 600.000, 3-րդ տեղը՝ 400.000, 4-րդ տեղը՝ 150.000, 5-րդ տեղը՝ 100,000, 6-10-րդ տեղերը՝ 75.000-ական և 11-20-րդ տեղերը՝ 50.000-ական դրամ: 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են նաև ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով: