ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 26-ին տեղի է ունեցել Բերթոլթ Բրեխթի «Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր» ներկայացման առաջնախաղը՝ որպես Մայր թատրոնի 100-ամյակի գլխավոր իրադարձություն։

Ներկայացման բեմադրիչն է ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը: Մեկ բեմահարթակում կողք կողքի հանդես են գալիս սունդուկյանցիների ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդ դերասանները:

Ներկայացման գլխավոր դերակատարներն են ՀՀ վաստակավոր արտիստներ Տիգրան Ներսիսյանը, Աննա Էլբակյանը, Ալբերտ Սաֆարյանը:

Ներկայացումը պատմագանգստերական դրամա է Հիտլերի և նրա համախոհների մասին: Դրաման պատմում է, թե ինչպես է գանգստեր Արթուրո Ուին ամեն գնով իշխանության ձգտում՝ խտրականություն չդնելով միջոցների միջև:

Գործողությունը պայմանականորեն տեղի է ունենում Չիկագոյում: Բրեխթն այս պիեսում ծաղրում, մերկացնում ու դատապարտում է բռնակալությունը և նրա միանձնյա ղեկավարին:

Ներկայացումը բոլոր ժամանակների տոտալիտար ռեժիմների, հանցագործների, անբարոյականների և մարդասպանների մասին է, որոնց կարիերան չէր կայանա, եթե չլինեին փոքրոգությունը, վախկոտությունը, անտարբերությունը և կոռուպցիան:

Ա. Էլբակյանի խոսքով՝ մարդկությունը, որ հեռացել է Աստծո սահմանած բարոյական չափանիշներից ու պատվիրաններից, պետք է հասկանա՝ ինչպես ապաշխարի, որ իրականությունն այսքան կնճռոտ, դաժան ու փուչ չլինի։