Մայիսի 27-ին` ժամը 19:00-ին, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում տեղի կունենա համերգ՝ նվիրված անվանի դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանի ծննդյան 65-ամյակին:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի Շոպենի թիվ 1 դաշնամուրի կոնցերտը և Մենդելսոնի թիվ 3 «Շոտլանդական» սիմֆոնիան: Հոբելյարը համերգին հանդես կգա թե´ որպես դաշնակահար, թե´որպես դիրիժոր, իսկ դաշնամուրի կոնցերտը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

1990 թվականից Պապյանն ապրում և ստեղծագործում է Իսրայելում: 2006 թվականից մինչ այսօր Վահագն Պապյանը Աշդոդի սիմֆոնիկ նվագախմբի (Իսրայել) գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: Այդ պաշտոնում նա գործունեություն է ծավալել նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում (1987-1989 թթ.) և Ղազախստանի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբում (2008-2013 թթ.):

Որպես դաշ­նա­կահար՝ Պապյանն ավարտել է Երևանի Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցը (պրոֆեսոր Վիլլի Սարգսյանի դասարան) և Մոսկվա­յի կոնսեր­վա­տո­րիան (պրոֆեսոր Մի­խա­յիլ Վոսկրեսենսկու դասարան): Նա Վիանա դա Մոտայի անվան դաշնակահարների միջազգային մր­ցույ­թի դափնեկիր է (Լիսաբոն, 1979 թ., 2-րդ մրցանակ): Որպես դիրիժոր՝ ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան (պրոֆեսոր Իլյա Մուսինի դասարան): Այդ ժամանակից սկսվել են Պապյանի ընդգրկուն ծրագրերով ելույթները միջազգային հայտնի բեմահարթակներում (որպես դիրիժոր, մենակատար դաշնակահար և անսամբլիստ 50-ից ավելի հյուրախաղային այցեր Եվրոպա, Անգլիա, ԱՄՆ, Ռուսաստան, Սլովակիա, Ճապոնիա, Կորեա, Չինաստան, Հնդկաստան և այլուր):

Աշխատակցել է հայտնի դիրիժորների (Վալերի Գերգիև, Միխայիլ Պլետնյով և ուրիշներ), երգիչների (Դմիտրի Խվորոստովսկի, Սումի Ջո և այլք), ջութակահարների (Գայ Բրաունշտեյն, Մաքսիմ Վենգերով և ուրիշներ) հետ: Վենգերովի հետ ելույթներ է ունեցել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Հեռավոր Արևելքում, ձայնագրություն կատարել «EMI Classics» ֆիրմայում:

Պապյանը դիրիժորություն և դաշնամուր է դասավանդում Թել Ավիվի Բուշման-Մեհտա երաժշտական դպրոցում և վարպետության դասընթացներ վարում Իտալիայում, Իսպանիայում և ԱՄՆ-ում: Թել Ավիվի Սամուիլ Ռուբինի անվան երաժշտա­կան ակադեմիայում իրագործել է «Դոն Ժուան», «Կարմեն» և Նիլսենի «Սավուղը և Դավիդը» օպերաների բեմադրությունները: