Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) դրամաշնորհների տրամադրման պաշտոնական արարողությունը։

2000 թվականից գործող ԳԿՀԱՀ-ի հետազոտական խորհուրդն այս տարի ներկայացված 139 գիտական հայտերից հաղթող է ճանաչել 27-ը։ Ընտրված գիտական խմբերի ղեկավարներից 12-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են, իսկ խմբերում ընդգրկված գիտնականների թիվը 88 է։ Հաղթողներին ընտրում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը:

Յուրաքանչյուր դրամաշնորհի գումարը կազմում է 5000 դոլարին համարժեք դրամ:

«Հպարտ ենք, որ ANSEF-ը, 22 տարի շարունակ հավատարիմ մնալով իր առաքելությանը, շարունակում է հովանավորել հայաստանցի գիտնականներին ու փորձում է նաև գիտության զարգացման մեջ իր ավանդն ունենալ։ Չկա Սփյուռքում որևիցե այլ կառույց, որն աջակցում է գիտությանն ու գիտական ուսումնասիրությունների իրականացմանը այս առումով ANSEF-ն անգնահատելի ավանդ ունի։

ANSEF-ի յուրօրինակությունն այն է, որ գիտական ոլորտի սահմանափակում չունի, հովանավորում է նաև հայագիտական թեմաները։ Վստահ եմ, որ դուք նույնպես ձեր աշխատանքով նպաստելու եք գիտության զարգացմանը: Հուսով եմ, որ մեր համագործակցությունն առաջիկա մեկ տարում շատ ակտիվ ու հետևողական կլինի»,- նշել է ՀՕՖ-ի գիտական և կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը։

ԳԿՀԱՀ-ի դրամաշնորհներով նախատեսված այս տարվա հետազոտություններն ընդգրկում են գիտության տարբեր ոլորտները: 2022-ին 13 դրամաշնորհ են ստացել կենսաբանության ոլորտը հետազոտելու հայտերը, 7 դրամաշնորհ՝ քիմիայի, 2-ը՝ ֆիզիկայի, 2-ը՝ աստղաֆիզիկայի, 1-ական՝ կենսատեխնոլոգիայի, կենսաինֆորմատիկայի և կենդանաբանության։