ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ով նաև ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի անդամ է, մասնակցել է ԱՊՀ երիտասարդության խորհրդի նիստին:

Առցանց ձևաչափով անցկացված նիստին մասնակցել են Ռուսաստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից և Մոլդովայից ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում քննարկվել է ընթացիկ տարիներին ԱՊՀ երիտասարդական խորհրդի գործունեության ծրագիրը, որի համատեքստում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է երիտասարդության քաղաքականության մեջ կամավորականության խթանման կարևորությունը:

«Երիտասարդների շրջանում կամավորական շարժման զարգացումը պետական ​​երիտասարդական քաղաքականության առանցքային խնդիրներից է»,- նշել է նա` հավելելով, որ ՀՀ-ում այդ ուղղությամբ օրենսդրական բարելավման աշխատանքներ են ընթանում, որին, բացի պետական կառույցներից, մասնակցում են երիտասարդական կազմակերպությունները։

Նախարարի տեղակալը նշել է, որ երիտասարդական կամավորական աշխատանքների նկատմամբ պետական մոտեցում է ցուցաբերվում, մասնավորապես` ամեն տարի դեկտեմբերի 5-ին նշվում է «Կամավորի միջազգային օրը», երիտասարդների շրջանում կամավորության գաղափարի տարածման և զարգացման նպատակով պետական դրամաշնորհի մրցույթ են անցկացվում:

ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստի մասնակիցներն անդրադարձել են «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային երիտասարդական մրցույթին, որը 2021 թվականին անցկացվել էր Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Կապանում, իսկ հաջորդը 2023 թվականին տեղի կունենա Բելառուսում: ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստի քննարկման ժամանակ ցուցադրվել է 2021 թվականի հոկտեմբերին Կապանում տեղի ունեցած «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային երիտասարդական մրցույթի մասին պատմող տեսանյութը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային հաջորդ մրցույթին Հայաստանը ներկայացնելու է 2021 և 2022 թվականներին «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներին:

Խորհուրդն ամփոփել է նախորդ նիստում ընդունված որոշումների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, հստակեցրել հաջորդ ժամանակահատվածի անելիքները։

Նշենք, որ ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստի նախագահող երկիրը Տաջիկստանն էր: 2022 թվականի հաջորդ նիստը տեղի կունենա Ղազախստանում: