Լոնդոնի Քենսինգթոն թագավորական համայնքի Սուրբ Քաթսբերթ եկեղեցում տեղի է ունեցել մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 102-ամյակին նվիրված բացառիկ համերգ-ցուցահանդեսը:

Միջոցառումը կազմակերպվել է «Քլինգեն» երգչախմբի ու Մշակութային ասոցիացիայի գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սիփան Օլահի ջանքերով և Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հովանավորությամբ։

Հոբելյանական ծրագրին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը, անգլիական եկեղեցու հոգևոր հովիվ, Սբ․ Քաթսբերթ եկեղեցու հոգևորական Ջեյմս Չեգվիդենը:

Երեկոյին ներկա են եղել հայկական համայնքային խորհրդի ատենապետ Արմանդ Աբրամյանը, հայկական համայնքային խորհրդի ողջ անձնակազմը, հայկական մի շարք կազմակերպությունների ատենապետեր, Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայից և Թագավորական երաժշտական քոլեջի անձնակազմից երաժիշտներ, հայ և բրիտանացի երաժշտասեր հանրությունը: Միջոցառմանը ներկա էր նաև Ալ. Հարությունյանի դուստրը՝ դաշնակահարուհի Նարինե Հարությունյան-Կութճուկյանը:

Նկարների ցուցահանդեսով ներկայացել են նկարիչներ Աննա Վիրաբյանը և Նարինե Մալխասյանը: