Մայիսի 25-ին` ժամը 18:00-ին, Սերգեյ Փարաջանովի թանգարանում («Ձորագյուղ» ազգագրական թաղամաս 15/16) տեղի կունենա «Շնչող արվեստ» արտ նախագծի երկրորդ մասը, որն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:

Նախագծի հեղինակ և ղեկավար Վահան Բադալյանն այս տարի շարունակում է համագործակցությունը Երևանի և Գյումրու մի քանի թանգարանների հետ: Համագործակցությունը կրկին ուղղված է թանգարանների հարուստ հավաքածուների հանրահռչակմանն ու արժևորմանը:

Նախագծի երկրորդ ներկայացում-ինստալյացիան տեղի կունենա Փարաջանովի թանգարանի տարածքում՝ ընդգրկելով թանգարանի շենքի բակային հատվածը, ինչպես նաև թանգարանի ցուցասրահները, որոնցում կվերստեղծվեն ռեժիսորի «Նռան գույնը» ֆիլմից տեսարաններ:

Ներկայացում-ինստալյացիան կուղեկցվի ձայնային էֆեկտներով, որոնք ներշնչված են համանուն ֆիլմից: Կենդանություն ստացած կադրերն առավելագույնս կվերարտադրեն Փարաջանովի կերտած կերպարներն ու նրա ստեղծագործական ոգին:

Նշենք, որ 2018 թվականին հանրության շրջանում մեծ ճանաչում ձեռք բերած այս նախագիծը, համագործակցելով Երևանի վեց թանգարանների հետ, հարստացրել է Երևանի թանգարանային մշակույթն իր նորարարական լուծումներով և ստեղծարարությամբ:

Մուտքն ազատ է: