ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Դիվանագետները հանուն երեխաների» գեղանկարչական նախաձեռնությանը։

Այն իրականացվել է Հայաստանի «Դիվանագիտական ակումբ» քաղաքացիական նախաձեռնության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի նկարիչների միության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ «Յունիսեֆ Արմենիա»-ի համագործակցությամբ:

Նախագծի նպատակն էր բոլորին համախմբել, ստեղծել համագործակցության յուրօրինակ հարթակ, որը հնարավորություն կտա աջակցելու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության «Յունիսեֆ Արմենիա»-ի կողմից իրականցվող բարեգործական ծրագրերին։

Հայաստանում տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչները Հայաստանի նկարիչների միության «Մարտիրոս Սարյան» ցուցասրահում տեղադրված ավելի քան 20 նկարչական մոլբերտների վրա նկարելու հնարավորություն են ունեցել։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է մի քանի գաղափարներ միավորող «Դիվանագիտական ակումբի» նախաձեռնությունը՝ այն որակելով հերթական հաջողված միջոցառում«Շատ ուրախալի է, որ այս նախաձեռնությամբ դիվանագետները ևս բարեգործական աշխատանքներում իրենց ներդրումն են ունենում, և մեկ հարթակում միավորվում են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ»։

Նշենք, որ դիվանագետների հեղինակած նկարները վաճառվելու են, ստացված հասույթն օգտագործվելու է բարեգործության նպատակով։