«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, ի թիվս մի շարք միջոցառումների, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Ե. Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված ոսկե հուշադրամի նվիրատվության արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը, գլխավոր քարտուղար Վահե Պետրոսյանը։

Հուշադրամը Եղիշե Չարենցի ծննդյան հոբելյանական տարվա շրջանակում ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել դեռևս 2022 թվականի ապրիլից։ Չարենցի տուն-թանգարանին են նվիրաբերվել նաև գրողի դիմապատկերով 1000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամ (1999 թվականի թողարկման)` տեղադրված ակրիլային բլոկում, 100 ՀՀ դրամ հիշատակային շրջանառու մետաղադրամ (1997 թվականի թողարկման)՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 100֊ամյակին:

Հուշադրամի նկարագրությունը

Դիմերես՝ դրվագ Չարենցին նվիրված «Ամբոխները խելագարված» հուշարձանային կոմպոզիցիայից (քանդակագործ՝ Ն. Նիկողոսյան, ճարտարապետ՝ Ջ. Թորոսյան, 1985 թ.):
Դարձերես՝ դրվագ Չարենցի հուշարձանից (քանդակագործ՝ Ղ. Չուբարյան, 1957 թ.) և նրա ստորագրությունը:
Էսքիզների հեղինակներ՝ Լուսինե Լալայան (դիմերես), Էդուարդ Կուրղինյան (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը՝ 10 000 դրամ,
Մետաղը/հարգը՝ ոսկի 9000,
Քաշը՝ 8,6 գ,
Տրամագիծը՝ 22,0 մմ,
Որակը՝ պրուֆ,
Դրամաշուրթը՝ ատամնավոր,
Թողարկման քանակը՝ 300 հատ,
Թողարկման տարեթիվը՝ 2022 թ․։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել Կենտրոնական բանկի գործընկերներին՝ նախաձեռնության և այդ կերպ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցին գնահատելու, հոբելյանական տարին արժևորելու համար։ Նա կոչ է արել քաղաքացիներին օգտվել առիթից, անպայման այցելել թանգարաններ՝ այն վերածելով նաև ընտանեկան տոնի։

Նշենք, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Քոչարյանը ներկա է եղել նաև Երվանդ Քոչարի թանգարանում «Արվեստն ընդդեմ պատերազմի, բռնության, ցեղասպանության» միջոցառմանը և Ռուսական արվեստի թանգարանում՝ «Զրույցներ ինքնաեռի շուրջ, ռուսական թեյախմության» երեկոյին։