«Երևան, իմ սեր» հիմնադրամում մայիսի 20-ին տեղի է ունեցել «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի հաշվետու հանդիպումը, որը կազմակերպել էր ԿԳՄՍՆ կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը:

Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԶՆԱԿ-ի և ծրագրին մասնակցած Երևանի ու ՀՀ տարբեր մարզերի 75 դպրոցների ներկայացուցիչներ։

Ժաննա Անդրեասյանը խիզախության, նախաձեռնողականության և ներդրած ջանքերի համար շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին և ծրագրին մասնակից դպրոցներին «ԿԶՆԱԿ-ի նախաձեռնությունը կյանքի չէր կոչվի, եթե դուք չկարևորեիք երեխաների՝ ընթերցանության հմտությունները զարգացնելու և կարդացածը վերարտադրելու կարողությունները՝ փորձարկելով նոր մեթոդներ։ Ժամանակն արագ է ընթանում, ինֆորմացիայի ծավալները մեծ են, հետևաբար դպրոցը պետք է գտնի նոր ու արդյունավետ ձևեր երեխաների հետ աշխատելու համար։ Բարդ ու պատասխանատու է մտնել փորձարկվող ծրագրի մեջ, և ինքդ դառնալ առաջնորդող մյուս մանկավարժների համար»։

Նրա խոսքով՝ Տավուշում փորձարկվող հանրակրթության նոր չափորոշիչները շուտով կմտնեն բոլոր դպրոցներ, որը, ըստ փոխնախարարի, դժվար, սակայն արդյունավետ գործընթաց է՝ նոր մեթոդների և գործիքակազմի շնորհիվ։

«Դուք մեր աջակիցներն ու օգնականներն ենք այդ գործընթացում, կամ հակառակը՝ մենք են ձեր օգնականը, քանի որ իրականում այդ փոփոխություններն անում եք դուք, և առանց ձեզ մենք չենք կարող դրանք տեղ հասցնել։ Վստահեցնում եմ, որ մենք ունենք բավարար հաստատակամություն՝ իրականացնելու այդ փոփոխությունները և մեր երեխաների համար ապահովելու լավագույն կրթությունը։ Իսկ դա հնարավոր է, քանի որ նրանց դասավանդում են ձեզ պես ուսուցիչներ, և դպրոցները կառավարում են ձեզ պես տնօրեններ»,- դիմելով ներկաներին՝ շեշտել է փոխնախարարը։

Ժաննա Անդրեասյանը հավաստիացրել է, որ նմանաբնույթ նախաձեռնություններին մասնակցած դպրոցներին և ուսուցիչներին նախարարությունը խրախուսելու է նաև այլ գործիքակազմերով՝ մեծապես գնահատելով այդ աշխատանքը։

«Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի նպատակներն են հանրակրթության տարրական աստիճանում սովորողների ընթերցանության որակի բարելավումը, ընթերցողական և լեզվական գրագիտության կարողունակությունների ձևավորումն ու զարգացումը, ընթերցանության և խոսքի մշակույթի որակի բարելավմամբ հանրակրթական բոլոր առարկաների յուրացման արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև ընթերցանությամբ համամարդկային ու ազգային արժեքների դաստիարակումը։

Ծրագրի իրականացման ընթացքում նախ կատարվել է դպրոցների հայտագրում և ընտրություն, որը եղել է կամավորության սկզբունքով՝ փոքր խմբով։ Աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվել է 5 դպրոցից կազմված փոքր խումբ, ապա կնքվել են համագործակցության հուշագրեր: Մասնագիտական թիմերի համար իրականացվել է վերապատրաստման դասընթաց, իսկ 2-րդ դասարաններում՝ ընթերցանության տեխնիկայի նախնական ստուգում՝ ըստ տրված գործիքակազմի: Որպես չափանիշներ՝ սահմանվել են ընթերցանության արագությունը, սահունությունը, ճշգրտությունը, ընկալումը և արտահայտչականությունը։ Ընդհանուր մեթոդական միավորումների ստեղծմամբ իրականացվել է թիմային աշխատանք, փորձի արագ փոխանակում, ինչպես նաև աշխատանքի արդյունքների համատեղ քննարկում և վերլուծություն։

Ծրագրի հաշվետու հանդիպմանն ուսուցիչները ներկայացրել են նախագծի հաջողություններն ու դժվարությունները, հանդես են եկել տարբեր առաջարկություններով։ Որպես ծրագրի հաջողություններ՝ ուսուցիչները նշել են ընթերցանության որակի բարելավումը, մրցակցության մեծացումը, գրադարանի հետ կապի ամրապնդումը, գրքերի քննարկումը, խմբային աշխատանքը, ինչպես նաև ծնողների և այլ դպրոցների հետ համագործակցությունը։ Առանձնացվել են հիմնական դժվարությունները՝ մատնանշելով աշակերտների կենտրոնացման և դասարանների խտության հարցերը։ Ուսուցիչները կարևորել են ծրագրի շարունակականությունը, բարձր դասարաններում ևս այն իրականացնելու անհրաժեշտությունը։

Ծրագրի պատասխանատուները ներկայացրել են տվյալների վերլուծության, մշտադիտարկման և արտաքին գնահատման արդյունքները։ Արտաքին գնահատում անցած դպրոցներին հանձնվել են ԿԶՆԱԿ-ի շնորհակալագրեր՝ ծրագրին արդյունավետ մասնակցելու համար։