ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը մայիսի 17-20-ը Մոսկվայում մասնակցել է Կամերային նվագախմբերի միջազգային փառատոնին։ «Մոսկվայի մենակատարներ» կամերային անսամբլը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Յուրի Բաշմետ) տոնել է հիմնադրման 30-ամյակը։

Հոբելյանի առթիվ անցկացվել է Կամերային նվագախմբերի փառատոնը, որին մասնակցել են առաջատար 5 կամերային նվագախմբեր, այդ թվում՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը:

Մայիսի 19-ին Մոսկվայի Պ Ի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ դահլիճում կայացել է հոբելյանական համերգը, որի ընթացքում հինգ նվագախմբերը կատարել են հատուկ այդ օրվա համար գրված ստեղծագործություններ։

Նշենք նաև, որ համերգից հետո Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կողմից Յուրի Բաշմետին հանձնվել է նաև հատուկ արձանիկ, որի հեղինակը Կարեն Ախիկյանն է։