Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր կայացել է «Մեդիասպառո՞ղ, թե՞ մեդիաստեղծող» մեդիագրագիտության ուսումնական նախագծերի ծրագրի ամփոփիչ փուլը, որն իրականացրել է ՀՀ ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը:

Ծրագրի նպատակն էր խթանել մեդիագրագիտության նկատմամբ աշակերտների հետաքրքրությունը, զարգացնել մեդիայից օգտվելու հմտությունները և սովորեցնել իրականացնել ուսումնական նախագծեր: Ծրագրի մասնակից աշակերտներն իրենց կատարած նախագծային աշխատանքի շնորհիվ ուսումնասիրել, վերլուծել են մեդիայի դերը և ազդեցությունն իրական կյանքի վրա, ինչը հնարավորություն է տվել զարգացնելու նրանց քննադատական մտածողությունը, ինչպես նաև գնահատելու համացանցի և մեդիայի վստահելիությունը:

Նախագծի ամփոփիչ փուլ անցած դպրոցների աշակերտներին ողջունել է Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը՝ ընդգծելով, որ բուհը բաց է կրթության հետ կապված ցանկացած նախաձեռնության համար և կանգնած է դպրոցների կողքին:

«Մաղթում եմ, որ բոլորդ ժպիտով հեռանաք Մանկավարժական համալսարանից՝ հետագայում մեր բուհի հարկի նեքո որպես ուսանող հանդիպելու ակնկալիքով»,- նշել է պրոռեկտորը՝ հույս հայտնելով, որ նախաձեռնությունը շարունակական կլինի և կընդլայնվի:

ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանի խոսքով՝ հետազոտական աշխատանքը և ուսումնական նախագծերն այսուհետ դառնալու են սովորելու ակտիվ ձև. «Այն հետագայում ձեզ օգնելու է նաև բուհում և աշխատանքի ընթացքում: Այսօր մենք ապրում ենք ինֆորմացիոն դարաշրջանում, և դուք հնարավորություն ունեք սովորելու աշխարհի տարբեր բուհերում, ստանալու ինքնուրույն կրթություն, օգտագործելու տարբեր թվային աղբյուրներ և տեղեկատվություն, որոնք երբեմն հիմնավոր չեն և ներառում են, օրինակ, հակագիտական կանխամտածված սխալ: Խոսքը ոչ միայն լրատվությանն է վերաբերում, այլև ամբողջ թվային ինֆորմացիային»,- դիմելով աշակերտներին՝ շեշտել է Արտաշես Թորոսյանը:

Նա վստահեցրել է՝ ծրագրի արդյունքում դպրոցականները կսովորեն օգտվել ճիշտ ինֆորմացիայից, իսկ իրենց ստեղծած բովանդակության դեպքում կպահպանեն բարեվարքության նորմերը և կտրամադրեն ստուգված տեղեկատվություն: ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նաև շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին՝ հետազոտության ընթացքում աշակերտներին աջակցելու համար:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև ԿԶՆԱԿ-ի կրթական նորարարությունների և հետազոտությունների վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը:

Նշվել է, որ ծրագրում ներառված դպրոցներում ստեղծվել են մեդիա ակումբներ, որոնք ուսումնասիրել են մեդիագրագիտության արդիական հիմնախնդիրները և առանձնացրել վստահելի աղբյուրներ: Ակումբները դպրոցներում հայտարարել են մեդիագրագիտության տասնօրյակ, որոնց մասնակցել են 7-12-րդ դասարանների աշակերտները։ Մեդիա ակումբներն ընտրել են սովորողների վերհանած հիմնախնդիրը, որի վերաբերյալ կազմակերպել են ճանաչողական, ուսուցողական հանդիպումներ աշակերտների և ուսուցիչների հետ՝ նրանց ներկայացնելով մեդիագրագիտության վերաբերյալ խորհուրդներ և հմտություններ: Ուսուցիչները համակարգել են ձևավորված խմբերի կազմակերպչական աշխատանքները՝ խթանելով երեխաների թիմային աշխատանքը:

Դպրոցական փուլից հետո ՀՀ 11 դպրոցների մեդիա ակումբների 3 աշակերտներ ծրագրի ամփոփիչ փուլին ներկայացրել են իրենց կատարած հետազոտական աշխատանքները: Մասնավորապես Արմավիրի մարզի Գեղակերտի միջնակարգ դպրոցի աշակերտները ներկայացրել են տեղեկատվական պատերազմների թեման, Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցի աշակերտներն անդրադարձել են կիբերհանցագործությունների հիմնախնդրին, իսկ Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցի սովորողները վերհանել են մեդիագրագիտության և մեդիայի սպառման հարցերը: Իրենց նախագծային աշխատանքները ներկայացրել են նաև Երևանի թիվ 10, 20, 128 հիմնական և թիվ 83 ավագ դպրոցները, Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցը, Արմավիրի թիվ 1 ավագ դպրոցը և Արմավիրի մարզի Փշատավանի միջնակարգ դպրոցները:

Նախագծերի ներկայացումից հետո տեղի է ունեցել քննարկում՝ ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչների, Հանրային լրագրության ակումբի և ՀՊՄՀ դասախոսների մասնակցությամբ, որի ընթացքում փորձագետներն աշակերտներին ներկայացրել են իրենց ուղղորդող տեսակետները հետազոտական աշխատանքների վերաբերյալ: