ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 19-ին՝ ժամը 19:00-ին, մեկնարկում է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը:

Փառատոնի շրջանակում ելույթ կունենան Հայաստանի առաջատար երաժշտական կոլեկտիվները, այդ թվում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի պետական կամերային նվագախմբերը, ինչպես նաև անվանի մենակատարներ: Կհնչեն ինչպես արդեն դասական դարձած, այնպես էլ ժամանակակից հայ հեղինակների սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային ստեղծագործություններ: Փառատոնը կավարտվի նոյեմբերին:

Նախագծի բացման համերգը տեղի կունենա Կոմպոզիտորների միության նորոգված համերգասրահում, որին կմասնակցեն Վանաձորի պետական կամերային նվագախումբը (գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկերչյան), ինչպես նաև Արմինե Գրիգորյանը (դաշնամուր), Կարեն Շահգալդյանը (ջութակ), Դանիել Մելքոնյանը (շեփոր), Անահիտ Դիլբարյանը (դաշնամուր), Հովհաննես Մանուկյանը (երգեհոն), Գրիգոր Առաքելյանը (հայկական վիոլա):

Երեկոյի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Էդգար Հովհաննիսյանի, Մակար Եկմալյանի, Գրիգոր Առաքելյանի (մշակում), Կոնստանտին Պետրոսյանի, Հայկուհի Հակոբյանի, Կոմիտաս-Ասլամազյանի, Երանյան-Սաթյանի ստեղծագործություններից:

Հավելենք, որ մինչ համերգի մեկնարկը համերգասրահի նախասրահում ՀՀ ազգային արխիվի հետ համատեղ կբացվի ցուցահանդես. կներկայացվեն միությանը վերաբերող արխիվային նյութեր: