«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական հեծանվավազքի մրցաշարի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները խորհրդակցություն են անցկացրել ԿԳՄՍ նախարարությունում՝ քննարկելու մրցաշարի անցկացմանն առնչվող հարցերը:

Խորհրդակցությանը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը, մասնակցել են ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Հովհաննես Հարությունյանը, «‎Հարավկովկասային երկաթուղի» ՓԲԸ գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանը, ՀՀ ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի և Առողջապահության նախարարություններից, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից:

Մրցաշարը մայիսի 28-ին տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում: Հեծանվորդները Շորժա կժամանեն գնացքով, իսկ մրցման ամբողջ ընթացքում փակ կլինի Երևան-Սևան-Դիլիջան մայրուղու որոշակի հատվածը: Փակ ճանապարհահատվածի վերաբերյալ առավել մանրամասն կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Մրցաշարի ընթացքում կաշխատեն շտապօգնության 6 մեքենա, տեխնիկական սպասարկման և մրցավարական բրիգադներ:

Մրցաշարի ընթացքում առաջին անգամ նախատեսվում է իրականացնել դոպինգ-ստուգում՝ WADA-ի կանոնների համաձայն: Վերջնարկից հետո երկու տարիքային խմբերում հաղթող մասնակիցները, ինչպես նաև այլ մասնակից՝ վիճակահանությամբ, տեղում կենթարկվեն դոպինգ-ստուգման:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է նաև հեռարձակման ապահովման հարցը: Կազմակերպչական հարցերով զբաղվող ընկերության ներկայացուցիչն ընդգծել է՝ աշխատանքները սահուն են ընթանում. ամեն ինչ արվում է, որպեսզի մրցաշարն անցկացվի հավուր պատշաճի:

Հիշեցնենք՝ մրցաշարին չեն կարող մասնակցել այն անձինք, ովքեր վերջին 3 տարիների ընթացքում մասնակցել են հեծանվային սպորտի ՀՀ առաջնություններին կամ միջազգային մրցաշարերին:

Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան իրենց անձնական հեծանիվներով՝ 1.95 և ավելի չափի անիվներով ու պարտադիր՝ սաղավարտով:

Յուրաքանչյուր մասնակից մեկնարկին (start) և վերջնարկին (finish) պարտավոր է իր հեծանիվը ներկայացնել տեխնիկական զննում իրականացնող հանձնաժողովին:

Ցանկացած տիպի խճուղային, էլեկտրական և մոտորային շարժիչներով հեծանիվներն արգելվում են, ինչպես նաև՝ խճուղային և սպորտային ղեկով հեծանիվի մոդիֆիկացված ցանկացած հեծանիվ, արգելվում է նաև կոնտակտային ոտնակների կիրառումը:

Մրցաշարը կանցկացվի երկու տարիքային խմբով`

1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան (2004-1987 թթ.) կանայք, 18-ից 40 տարեկան (2004-1982 թթ.) տղամարդիկ,
2-րդ տարիքային խումբ՝ 36 տարեկանից (1986 թ. ծնված) բարձր տարիքի կանայք, 41 տարեկանից (1981 թ. ծնված) բարձր տարիքի տղամարդիկ:

Մրցաշարին երկու տարիքային խմբերում 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) պարգևատրվելու են դրամական մրցանակներով, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցները՝ նաև ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:

Դրամական մրցանակներ 1-ին և 2-րդ տարիքային խմբերի 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցներին՝

  • 1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ
  • 2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ
  • 3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ
  • 4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ
  • 5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ
  • 6-10-րդ տեղեր՝ 75.000 ՀՀ դրամ
  • 11-20-րդ տեղեր՝ 50.000 ՀՀ դրամ

Հիշեցնենք՝ մասնակցության հայտերն ու անհրաժեշտ փաստաթղթերը հարկ է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչություն մինչև 2022 թվականի մայիսի 25-ը ներառյալ։ Հայտերն ընդունվում են նաև առցանց՝ հետևյալ հղմամբ:

Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 59-96-33, (010) 59-96-32, (էլ. հասցե՝ s.prazyan57@gmail.com)։

Մասնագիտական հարցերի դեպքում զանգահարել (077) 85-81-08, տեխնիկական հարցերի համար՝ (096) 56-60-01 հեռախոսահամարներով երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-18:00: