Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականները մայիսի 28-ին կմեկնեն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա, որտեղ կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի հավաքականները նախապատրաստական վերջին ուսումնամարզական հավաքները սկսել են մայիսի 16-ից: Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ տղամարդկանց թիմը մարզվում է Աբովյանում, իսկ կանանց թիմն Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ՝ Օլիմպավանում:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում մրցավայր կմեկնի 10 ծանրորդ՝ Ռաֆիկ Հարությունյանը, Կարեն Մարգարյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Անդրանիկ Կարապետյանը, Վարդան Մանուկյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Արա Աղանյանը, Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը (+109 կգ):

Կանանց հավաքականի կազմում էլ ընդգրկված կլինի 4 մարզուհի՝ Իզաբելա Յայլյանը (55 կգ), Տաթև Հակոբյանը (76 կգ) և Հռիփսիմե Խորշուդյանը (87 կգ):

Նշենք նաև՝ առաջնության մեկնարկի նախօրեին տեղի կունենա Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի համաժողովը, որի ընթացքում ելույթով հանդես կգա նաև ՀՀ ԿԳՄՍՆ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի գլխավոր մասնագետ, միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը:

Նա կներկայացնի Երևանում 2023 թ. անցկացվելիք Եվրոպայի առաջնության մրցավայրի հնարավորությունները: