Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամ, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը Ստամբուլում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում մենամարտել է Իռլանդիայի ներկայացուցիչ Լիզա Էդելի հետ և 0-5 հաշվով պարտություն կրելով՝ դուրս մնացել հետագա պայքարից:

Հաղթանակի դեպքում Անին առնվազն բրոնզե մեդալ կապահովեր: Մինչ այդ Անին մեկնարկային մենամարտում առավելության էր հասել ուկրաինացի Մարիա Սաիդայայի նկատմամբ, իսկ երկրորդ փուլում 5-0 հաշվով հաղթել էր ճապոնուհի Անիսա Տսուբատային:

Ավելի վաղ մեր երկրի ներկայացուցիչներ, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը երկրորդ շրջանում պարտվել էր Ուզբեկստանի ներկայացուցիչ Ազիզա Յակուբովային, իսկ 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան զիջել էր Թուրքիայի ներկայացուցչուհուն և լքել պայքարը:

Մեծահասակների պայքարում իր նորամուտը նշող Գայանե Տեր-Բարսեղյանն էլ (48 կգ) մեկնարկային մենամարտում ավելի վաղ պարտվել էր լեհուհի Նատալյա Ռոկին։

Այսպիսով՝ Հայաստանի կանանց հավաքականը ձեռնունայն է վերադառնում աշխարհի առաջնությունից: