ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է բոլորին՝ մայիսի 18-ին տոնելու Թանգարանների միջազգային օրը և մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը, որն այս տարի կանցկացվի մայիսի 21-ին:
Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից՝ Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) որոշմամբ: Տոնի նպատակն է համախմբել թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնել հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանը և լուծմանն ուղղված թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին:
2022 թ. Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Թանգարանների ուժը», որն առաջարկում է բացահայտել թանգարանների ներուժը երեք առանցքային միտումների համատեքստում՝ կայուն զարգացում, նորարարական-տեխնոլոգիական հասանելիություն և շարունակական կրթություն՝ որպես կարևորագույն գործոններ համայնքների զարգացման և քաղաքացիական հասարակության ձևավորման շուրջ:
Այս տարի ևս տոնական միջոցառումները կմեկնարկեն Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, և կշարունակվեն մայիսի 21-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմամբ, որին միացել են Հայաստանի և Արցախի 125 թանգարաններ:
Մայիսի 18-ին թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն բոլոր այցելուների համար՝ թանգարանի աշխատանքային ժամերին, և մայիսի 21-ին՝ ժամը 11:00-ից 24:00-ն: